Գումարվեց Երևանի ավագանու 2021-ի առաջին նիստը

09.02.2021

Փետրվարի 9-ին գումարված Երևանի ավագանու 6-րդ նստաշրջանի 1-ին նիստում մի շարք որոշումներ կայացվեցին:


***


Ավագանու քվեարկությամբ հաստատվեց Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2018 թվականի հունիսի 8-ին կնքված «Երևանի էներգաարդյունավետության» ծրագրի դրամաշնորհային համաձայնագիրը: Այս ծրագրով նախատեսված է հիմնանորոգել 15 մանկապարտեզ, որից 3-ի դեպքում կառուցվելու է նոր մանկապարտեզ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 15 մլն եվրո: 7 մլն եվրո հատկացրել է Եվրոպական ներդրումային բանկը, 2 մլն եվրո՝ քաղաքապետարանը, 5 մլն եվրո դրամաշնորհ՝ Կանաչ կլիմայի հիմնադրամը, իսկ մեկ մլն եվրո՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը:


***


Ավագանու մեկ այլ որոշմամբ փոփոխություններ կկատարվեն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի «Քարտուղարություն» և «Անձնակազմի կառավարման բաժին» կառուցվածքային ստորաբաժանումներում: Որոշման նախագծի հիմնական զեկուցող, քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժ/պ Դավիթ Համբարյանի խոսքով՝ կառուցվածքային փոփոխությունը նպատակ ունի հավասարաչափ բաշխել աշխատանքային ծանրաբեռնվածությունը, բացառել իրականացվող գործառույթների կրկնությունները, ինչպես նաև համակարգված և մասնագիտացված գործունեություն իրականացնել՝ համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերում տարբերակված և առանձնահատկությունները սահմանող գործառույթների ամրագրմամբ:


***


Մեկ այլ կառուցվածքային փոփոխության համաձայն էլ Կենտրոն վարչական շրջանում աշխատակազմի «Կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման» ու «Քաղաքաշինության և հողօգտագործման» բաժինները կվերակազմավորվեն «Քաղաքաշինության, հողօգտագործման և կոմունալ տնտեսության կառավարման» բաժնի:


***

«Բնակչության հատուկ սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ ևս փոփոխություն կատարվեց, ըստ որի կազմակերպությունն իրավասու է իրականացնել հարազատ չունեցող և սոցիալապես անապահով անձանց հուղարկավորության կազմակերպումը:


***


Երևանի ավագանին նոր անդամ ունի. «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած Գայանե Մելքոմ Մելքոմյանի մանդատը տրվեց դաշինքի ցուցակով հերթական թեկնածու Անուշ Քլոյանին:


***


«Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցը վայր է դրել խմբակցության քարտուղարի իր լիազորությունները և նոր քարտուղար է ընտրվել Արմեն Գալջյանը:


***


Երևանի ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը, տեղակալ՝ Լիլիթ Կիրակոսյանը։


***


Երևանի ավագանու հաջորդ հերթական նիստը կգումարվի մարտի 16-ին: