Համայնքային ավտոբուսների բոլոր վարորդները պարտադիր բուժզննում կանցնեն

20.06.2022
Տրանսպորտ

«Երևանի ավտոբուս» ընկերությունում գրանցված վարորդները պետք է պարբերաբար պարտադիր բուժզննում անցնեն: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ կարևորելով ուղևորների անվտանգությունը՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է առողջապահական ապահովագրության շրջանակում ապահովել գործընթացը: Հարկ է նշել, որ համայնքային ընկերությունում աշխատող վարորդներն այս տարվանից առողջապահական ապահովագրության հնարավորություն են ստացել:


***


Երևանյան բոլոր շենքերը կունենան հասցեագրման միանման ցուցանակներ: Հանձնարարվել է արագացնել գործընթացը:


***


Ամբողջությամբ ավարտվել է Մարտիրոս Սարյանի անվան պուրակի կանաչապատման ծրագիրը: Վերակագնվել ու թարմացվել է կանաչ գոտին, ճմապատվել է շուրջ 3000 քմ տարածք, ծաղկաթմբերի համար 40 խմ հատուկ հողախառնուրդ է բերվել, արդիականացվել է 1700 գծմ ոռոգման համակարգը, տնկվել է շուրջ 4000 ծաղիկ և 3850 թուփ՝ ծաղկողներ, մշտադալարներ:


***


Անհրաժեշտ ջրաքանակ ապահովելու և կանաչ տարածքները լիարժեքորեն ոռոգելու նպատակով ընթացքի մեջ են Դալմայի ջրագծի որոշ հատվածների փոխարինման աշխատանքները: Անցկացվում է 630 մմ-անոց 344 գծմ երկարությամբ նոր խողովակաշար, այն հնարավորություն կտա ամբողջությամբ լուծել Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ոռոգման խնդիրը:


***


Երևանյան լճի մաքրմանը զուգահեռ՝ աղբաորսիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով Հրազդան գետի վրա տեղադրվել է ճաղավանդակ:


***


Մայրաքաղաքում workout մարզաձևը զարգացնելու նպատակով վարչական շրջաններում կկառուցվեն կահավորված հատուկ մարզահրապարակներ:


***


Այս տարի Ամանորին մայրաքաղաքի փողոցները կզարդարվեն գեղարվեստական նոր լուսավորությամբ: Այժմ քայլեր են ձեռնարկվում լուսատուների տարբերակներն ընտրելու ուղղությամբ:


***


Կենսաապահովման ոլորտում գործունեություն իրականացնող կառույցներին հանձնարարվել է վթարավերականգնողական աշխատանքների ժամանակ տարածքներում տեղադրել անհրաժեշտ նշաններ և ապահովել սանիտարական պատշաճ վիճակ:


***


Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի հատվածում 2023թ. շատրվանային համալիր կկառուցվի: Տարածքը ներկայումս գտնվում է անբարեկարգ վիճակում: Նախագծման մրցույթն արդեն կայացել է: Հանձնարարվել է գործընթացը կազմակերպել այնպես, որ տարածքին համահունչ միջավայր ձևավորվի:

Լուսանկարներ