Հանձնարարվել է մշտական հսկողություն սահմանել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից տարածքի նկատմամբ

18.04.2017

Ապրիլի 15-ին մայրաքաղաքում իրականացված համաքաղաքային շաբաթօրյակի և ծառատունկի վերաբերյալ աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ վարչական բոլոր շրջաններում նախատեսված աշխատանքները կազմակերպվել և անցկացվել են հավուր պատշաճի: Հանձնարարվել է քաղաքապետարանի և վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների ուժերով շարունակել մայրաքաղաքում ամենօրյա մաքրման աշխատանքներն ու տեղային շաբաթօրյակները:

Աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են ներդրումային ծրագրերի մշակման, ինչպես նաև տեղի շահագրգիռ ներդրողներին և արտերկրի գործընկերներին դրանց ներկայացման աշխատանքները: Նաև զեկուցվել է, որ այս համատեքստում Երևանի քաղաքապետարանի ներդրումային առաջարկները՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, առաջիկայում հասանելի կլինեն նաև ներդրումային ծրագրերի համար ստեղծված www.investmentprojects.am կայքում: Հանձնարարվել է շարունակել ակտիվ համագործակցությունը բոլոր շահագրգիռ կառույցների հետ:
Աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ համաձայն քաղաքապետի հանձնարարականի՝ համապատասխան աշխատանքային խումբը շարունակում է հողի և գույքի վարձակալության, ինչպես նաև կառուցապատման միասնական բազաների ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքները:
Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների մասով առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ կազմվել է 10 արձանագրություն: Հաշվի առնելով ապօրինի առևտրի սեզոնային ակտիվացումը՝ հանձնարարվել է առավել ուժեղացնել հսկողությունը:
Քաղաքացիների, ինչպես նաև իրավաբանական անձանց կողմից աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ էլ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 8 վարչական արձանագրություն: Հանձնարարվել է վարչական շրջանների հետ շարունակել ամենօրյա աշխատանքներն ու գործընթացը պահել մշտական խիստ հսկողության տակ:
Քաղաքաշինության ոլորտում նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է ապօրինի շինարարության և հողազավթման 3 դեպք: Քանդման աշխատանքներ են իրականացվել 2 հասցեներում: Հանձնարարվել է շարունակել խստացված հսկողությունը, ինչպես նաև պարբերաբար հանրությանն ավելի մանրակրկիտ և մատչելի ներկայացնել քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացի կազմակերպման ուղղությամբ իրականացված փոփոխությունների առավելությունները:
Խորհրդակցության ավարտին աշխատակազմի բոլոր վարչություններին և օպերատիվ ծառայություններին տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա միջոցառումների պատշաճ կազմակերպման ուղղությամբ: Հանձնարարվել է նաև մշտական ուշադրության տակ պահել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից տարածքի մաքրության ապահովումն ու կանաչ տարածքների խնամքը: Բացի այդ, տարածքի պահպանման նպատակով ոստիկանության հետ համատեղ կսահմանվի հատուկ հսկողություն:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին