«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի համերգը Ստեփանակերտում

14.06.2019

Երևանի քաղաքապետի՝ Ստեփանակերտ կատարած պաշտոնական այցի շրջանակում հունիսի 13-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի համերգը: Ողջույնի իր խոսքում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մասնավորապես նշել է.

«Անչափ ուրախ եմ, որ հերթական անգամ տեսնում եմ մեր արևելյան մայրաքաղաքը՝ պայծառ, մաքուր, կոկիկ ու, ամենակարևորը՝ անամպ երկնքի տակ: Ընդ որում, այստեղ մաքուր են ոչ միայն փողոցներն ու պուրակները, այստեղ մաքուր են մարդկանց աչքերն ու հոգիները, և մենք, այո՛, Արցախի հերոս ժողովրդի ջերմությունն ու մաքրությունը պետք է հետներս տանենք ու փոխանցենք ձեր երևանաբնակ եղբայրներին ու քույրերին: Ուրախությամբ եմ ուզում նշել, որ մեր երկու մայրաքաղաքներն իրար հետ շփման բազմաթիվ առիթներ են ունենում՝ սկսած փոխայցելություններից, համատեղ կառուցապատման ու բարեկարգման ծրագրերից, վերջացրած՝ մշակութային ու մարզական միջոցառումներով: Եվ առավել ուրախ եմ, որ այդ միջոցառումները գնալով ավելի մեծ թափ են հավաքում և արդեն միջազգային մասշտաբներ են ձեռք բերում: Մի քանի շաբաթ հետո Երևանն ընդունելու է Ֆուտբոլի միչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Սա մեր քաղաքի համար իսկապես խոշոր իրադարձություն է լինելու, թերևս ամենախոշոր մարզական միջոցառումը մեր երկրի պատմության մեջ: Իսկ բոլորովին վերջերս Արցախում ու մասնավորապես, Ստեփանակերտում բարձր մակարդակով անցկացվեց ֆուտբոլային մեկ այլ միջազգային մրցաշար՝ CONIFA-ի գավաթը: Մենք ոգևորությամբ էինք հետևում այդ խաղերին: Ավելի մեծ ոգևորությամբ սպասում ենք Համահայկական 7-րդ խաղերի մեկնարկին, որոնք նույնպես կայանալու են Արցախի հյուրընկալ հողում»:

Երևանցի տաղանդավոր փոքրիկներն իրենց կատարումներով հրաշալի երեկո են պարգևել արցախցիներին:


Արցախում Երևանի մշակութային օրեր կլինեն


Այս տարի՝ օգոստոսի 30-ից սեպտեմբերի 2-ը, Արցախում Երևանի մշակութային օրեր կլինեն: Միջոցառումների շրջանակներում սեպտեմբերի 1-ին` Արցախի անկախության տոնին ընդառաջ, Ստեփանակերտի հրապարակում ՀՀ կառավարության աջակցությամբ կկազմակերպվի Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված մեծ համերգ, որի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կկատարի մաեստրո Մանսուրյանի ստեղծագործությունները` նրա մասնակցությամբ:

 

Տեսանյութ

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի համերգը Ստեփանակերտում
Տեսնել ավելին