ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Հայկ Մարությանը հանձնարարել է մշակել տարբեր ոլորտներ ընդգրկող ներդրումային առաջարկների իրագործելի փաթեթներ

08.07.2019

Երևանի ներդրումային գրավչությունը ճիշտ ներկայացնելու համար անհրաժեշտ է համապատասխան ծրագրերի և առաջարկների ապահովում: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է մշակել քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներ ընդգրկող ներդրումային առաջարկների հստակ փաթեթներ, որոնք կլինեն իրագործելի ու կհետաքրքրեն գործարար շրջանակներին: Անդրադառնալով տարեկան ծրագրերին՝ քաղաքապետ Մարությանն իր դժգոհությունն է հայտնել դրանց ընթացքից ու նշել, որ համայնքային ցանկացած կառույց ու ստորաբաժանում պետք է հետևողական լինի այդ ծրագրերի լիարժեք իրականացման գործում:

«Մենք պետք է համակարգային և իրական փոփոխություններ անենք, իսկ իրական փոփոխությունների համար նախաձեռնվող ծրագրերի հարցում պետք է հետևողականություն: Ես չեմ հանդուրժելու մատների արանքով աշխատանք: Ճիշտ է, բավականին աշխատանք կատարվել է, սակայն ինձ ձեռք չի տալիս այն տեմպը, որ ունենք: Մենք խոստացել ենք փոփոխություններ, որոնց շնորհիվ մարդկանց կյանքը կլավանա»,- նշել է քաղաքապետը:
Քաղաքապետ Մարությանը կենսապահովման ոլորտում գործունեություն իրականացնող կառույցներին մեկ անգամ ևս հանձնարարել է վթարավերականգնողական աշխատանքների ժամանակ ուշադրություն դարձնել տարածքներում անհրաժեշտ նշաններ տեղադրելուն, ինչպես նաև հատուկ ցուցատախտակի վրա նշել, թե որ ընկերությունն է իրականացնում աշխատանքները։
«Նման մանրուքների ապահովմամբ է նաև, որ քաղաքը դառնում է նորմալ քաղաք»,- նշել է Հայկ Մարությանը:
«Երքաղլույս» ընկերության տնօրենը զեկուցել է, որ Կենտրոն վարչական շրջանում ավարտվել է արտաքին լուսավորության ցանցի մալուխային տնտեսության գույքագրումը: Արդյունքում՝ մեկ ամսվա կտրվածքով 2 մլն 519 հազար 210 դրամով ավելացել են ընկերության մուտքերը: Տարվա կտրվածքով այս ցուցանիշը կկազմի 30 մլն 230 հազար դրամ: Այժմ գույքագրում է իրականացվում Արաբկիր վարչական շրջանում:
Երևանցիների անվտանգությունն ապահովելու նպատակով համատիրության և բնակիչների հետ համատեղ բազմաբնակարան շենքերի մուտքերի դռների վրա տեղադրվում են կոդերով փականներ. արդեն իսկ 154 փական է տեղադրվել:
«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում պատվաստվել և ստերջացվել է 83 շուն: Թափառող շների հետ կապված բոլոր հարցերի առնչությամբ քաղաքացիներն, ի դեպ, կարող են զանգագարել ընկերության թեժ գիծ՝ (011) 51-45-39 հեռախոսահամարին:

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player