Հայկ Մարությանն այցելել է Ամենայն Հայոց կաթողիկոսին

06.02.2020

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

Ողջունելով քաղաքապետի առաջին պաշտոնական այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Նորին Սրբությունը հաջողություններ է մաղթել քաղաքապետին և քաղաքային վարչակազմին՝ կարևորելով բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են մայրաքաղաքի բնականոն կենսագործունեության ապահովմանը և առկա խնդիրների լուծմանը: Հայոց Հովվապետը գնահատանքով անդրադարձել է նաև Մայր Աթոռի և Երևանի քաղաքապետարանի միջև առկա արդյունավետ գործակցությանը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ քաղաքապետն իր հերթին Նորին Սրբությանը ներկայացրել է մայրաքաղաքի առջև ծառացած հիմնական մարտահրավերներն ու դրանց հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Հայկ Մարությանը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել Եկեղեցու և քաղաքի միջև փոխգործակցության խորացմանը և ընդլայնմանը՝ ի նպաստ երևանցիների։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մայրաքաղաքում եկեղեցապատկան կառույցների՝ երեք հայորդյաց տների, մանրանկարչության դպրոցի, հաշմանդամություն ունեցող երեխաների համար վարպետաց տան, բարեգործական ճաշարանների, մանուկների խնամքի ցերեկային կենտրոնի գործունեությանը, ինչպես նաև եկեղեցիների խնամքին ու պահպանությանը վերաբերող հարցերին։

Լուսանկարներ