Քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Չինաստանի դեսպան Տյան Էրլունի հետ

07.12.2018

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում  Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տյան Էրլունին:
Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Մարությանը գոհունակությամբ նշել  է Երևանի և Չինաստանի քաղաքների միջև արդյունավետ համագործակցության փաստը: Քաղաքապետը նշել է, որ փոխգործակցության հուշագրեր են կնքվել Երևանի և Պեկինի, ինչպես նաև  Չինաստանի խոշորագույն քաղաքներից՝ Ցինդաոյի միջև: Հայաստանում և, մասնավորապես, Երևանում Չինաստանի կառավարությունը տեխնիկական աջակցության մի շարք ծրագրեր է իրականացրել՝ անհատույց տրամադրելով քաղաքային ավտոբուսներ, շտապօգնության մեքենաներ և այլ տեխնիկա: Հայկ Մարությանը հույս է հայտնել, որ նաև դեսպանության աշխատանքի շնորհիվ Չինաստանի կառավարությունը կշարունակի ծրագրերը տարբեր ոլորտներում, ինչպես նաև կխրախուսի չինական բիզնեսի ներկայացուցիչներին՝ ներդրումներ կատարել Երևանում:  
Շնորհավորելով Հայկ Մարությանին և իր թիմին մայրաքաղաքի կառավարումը ստանձնելու կապակցությամբ՝ դեսպան Տյան Էրլունը համոզմունք է հայտնել, որ այս փոփոխությունը կնպաստի Երևանի զարգացմանը: Դեսպանը տեղեկացրել է, որ Երևանում Չինաստանի նոր դեսպանատան կառուցման աշխատանքները մոտ ապագայում ավարտին կհասցվեն  և շնորհակալություն է հայտնել քաղաքային իշխանությանը՝ այս հարցում աջակցության համար: Կողմերը պայմանավորվել են շարունակական ջանքեր ներդնել՝ խորացնելու մայրաքաղաք Երևանի և չինական քաղաքների միջև համագործակցությունը:  

Լուսանկարներ