Քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է Մոսկվայի կառավարության նախարար, սոցիալական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Պետրոսյանին

20.10.2018

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2800» տոնակատարության միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Մոսկվայի կառավարության նախարար, սոցիալական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Պետրոսյանի հետ: 

Ողջունելով հյուրին` քաղաքապետ Հայկ Մարությանը նախ շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու համար և նկատել, որ այս այցը ևս իր դրական ազդեցությունը կունենա երկու մայրաքաղաքների միջև առկա փոխգործակցությունն ու գործընկերային կապերն էլ ավելի ամրապնդելու և ընդլայնելու հարցում:
«Մոսկվայի հետ համագործակցության ծրագրերի ընդլայնումը մեզ համար կարևոր է, և կարծում եմ, որ մենք պետք է առավել հստակեցնենք մեր համագործակցությունն ու կոնկրետ ծրագրեր իրականացնենք 2018-2021թթ. համագործակցության ծրագրի շրջանակներում: Մոսկվան Երևանի համար իսկապես վստահելի գործընկեր է, և մենք բարձր ենք գնահատում երկու մայրաքաղաքների միջև փոխգործակցության ընդլայնմանն ուղղված Մոսկվայի կառավարության ջանքերը»,- նշել է Հայկ Մարությանն ու իր շնորհակալությունը փոխանցել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին՝ քաղաքապետի պաշտոնում ընտրվելու առթիվ իրեն հղած շնորհավորանքի ու բարեմաղթանքների համար:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Մոսկվայի կառավարության նախարար, սոցիալական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Պետրոսյանը նախ շնորհավորել է Հայկ Մարությանին Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու առթիվ՝ մաղթելով ձեռքբերումներ պատասխանատու աշխատանքում: Վլադիմիր Պետրոսյանն ընդգծել է, որ Մոսկվան բարձր է գնահատում Երևանի հետ փոխգործակցությունն ու վստահեցրել, որ այն ավելի ընդլայնելու և զարգացնելու ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակական են:
«Պարոն քաղաքապետ, վստահեցնում եմ, որ իմ հերթին կանեմ հնարավորը, որպեսզի ընդլայնվեն փոխգործակցության շրջանակները Երևանի և Մոսկվայի միջև: Մոսկվայի կառավարության համար անչափ կարևոր է երկուստեք կապերի էլ ավելի ամրապնդումը, և ես վստահ եմ, որ փոխգործակցության շրջանակում կգտնվեն համատեղ մոտեցումներ՝ քաղաքային տնտեսության արդյունավետ կառավարման ու առկա խնդիրների լուծման առումով»,- նշել է Վլադիմիր Պետրոսյանը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութ

Քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է Մոսկվայի կառավարության նախարար, սոցիալական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Պետրոսյանին
Տեսնել ավելին