Քաղաքապետ Մարությանն այցելել է «Երազի տուն 2» ներառական զարգացման նորաբաց կենտրոն

11.09.2020

«Երազի տուն» ներառական զարգացման կենտրոնն իր երկրորդ տունն ունի: Երևանի ավագանու որոշմամբ համայնքին պատկանող տարածքն անհատույց օգտագործման իրավունքով 10 տարի ժամկետով նախորդ տարի տրամադրվեց «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպությանը: «Երազի տուն 2»-ի պայմաններին ու հնարավորություններին ծանոթացել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: 

«Տիկին Մանուկյան, առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ: Ես շատ եմ լսել Ձեր կենտրոնի ու կատարած աշխատանքների մասին և իմանալով Ձեր նվիրումը՝ համոզված էի, որ այս կենտրոնը, երբ վերջնական իմի գա, ծառայելու է հենց բուն նպատակին: Շնորհակալ եմ նաև պարոն Սուքիասյանին, ով հավատաց այս ամեն ինչին, պատկերացրեց դրա անհրաժեշտությունը Երևանին ու մեր բնակիչներին, և իր ընտանիքի լիարժեք աջակցությունը հայտնեց: Շատ եմ կարևորում ներառականության ապահովումը վաղ տարիքից, և այս կենտրոնը հենց այդ նպատակին է ծառայելու»,- ընդգծել է քաղաքապետը:
Կենտրոնի հիմնանորոգման և կահավորման աշխատանքներն իրականացվել են «Սուքիասյան» բարեգործական հիմնադրամի միջոցներով: Այստեղ նախատեսված է ապահովել տարեկան 200 երևանաբնակ երեխաների ներառական ժամանցը՝ համատեղելով վերականգնողական թերապիաներն ու հետաքրքիր խաղերը: Ներկայացնելով «Երազի տուն 2»-ի գործունեությունը՝ կենտրոնի տնօրեն, «Հայ մայրեր» ՀԿ նախագահ Նարինե Մանուկյանը նշել է, որ նպատակը 2-7 տարեկան հաշմանդամություն ունեցող երևանաբնակ երեխաներին հասարակություն ինտեգրելն է:
Կենտրոնում գործելու են լոգոպեդի, հոգեբանի, հատուկ մանկավարժի ու էրգոթերապիստի համար նախատեսված սենյակներ, որտեղ երեխաները կստանան համապատասխան ծառայություններ, առանձնացված երկու մարզասրահում էլ կկազմակերպվեն երեխաների վարժանքները: Ի դեպ, կենտրոնում նախատեսված է նաև դասարան, որտեղ «Մասնագիտություն՝ հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերին» բարեգործական ծրագրի շրջանակներում ուսում կստանան հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերը: Վերջիններս երեխաներին խնամող չունենալու պատճառով հնարավորություն չեն ունեցել ստանալ մասնագիտություն, աշխատել և ստանալ եկամուտ:
Վառ, լուսավոր ու ջերմ պատերի ներսում փոքրիկներին շատ անակնկալներ ու հետաքրքիր ժամանց է սպասվում: Նախաձեռնության հեղինակները վստահեցնում են՝ «Երազի տանը» շատ երազանքներ են իրականություն դառնում:

Տեսանյութ

Քաղաքապետ Մարությանն այցելել է «Երազի տուն 2» ներառական զարգացման նորաբաց կենտրոն
Տեսնել ավելին