Քաղաքն ընդդեմ ապօրինի կառույցների

28.06.2021

«Սկսած դեկտեմբերից մինչև այսօր Աջափնյակ վարչական շրջանում իրավախախտման վերաբերյալ կազմվել է 60 արձանագրություն, որից 45-ը` համայնքային հողամասի վրա, իսկ 15-ը` սեփական հողի վրա: Քանդում և ապամոնտաժում է իրականացվել 34 հասցեներում: Քանակը այնքան մեծ է, այնտեղ գործում են հանցավոր խմբեր: Բայց միաժամանակ ես ուզում եմ նշել, որ սա այսպես, միանշանակ, չի շարունակվելու, մենք հստակ արդեն գծել ենք մեր անելիքը, ունենք պահեստային պլան, որն իրականացնելու ենք, և ես ուզում եմ ասել մեր բնակիչներին, որ մենք իրավական մասով պինդ ենք լինելու»,- նշում է քաղաքապետը:


Հանրային շահի անտեսմամբ ապօրինաբար կառուցված շինությունների վերաբերյալ քաղաքապետ Մարությանի այս հայտարարությունն անմիջապես գործնական ընթացք ստացավ: Արդեն մի քանի օր է, ինչ ինտենսիվացել են ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքները, որոնք դրանից առաջ էլ պարբերաբար ընթացել են:


«Այդ պայքարը եղել է և շարունակվելու է այնքան, մինչև մենք հասնենք վերջնարդյունքին, երբ քաղաքացին բացառապես այդ հարցին կնայի օրենքի և նաև համայնքի համընդհանուր շահի տեսանկյունից: Քանի դեռ կան մարդիկ, ովքեր այդ տեսանկյունից չեն նայում հարցին, պայքարը շարունակվելու է»,- ընդգծում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժ/պ Դավիթ Համբարյանը:


Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները ՀՀ ոստիկանության ուժերի գործուն աջակցությամբ ապամոնտաժում են համայնքի հողի վրա վերջին օրերին՝ հիմնականում գիշերային ժամերին կառուցված ապօրինի կրպակները:


«Ես մասնավորապես կնշեի ՀՀ ոստիկանության մեր գործընկերների աջակցությունը և շնորհակալությունս կհայտնեի, մասնավորապես, Երևան քաղաքի ոստիկանության վարչությանը՝ գործուն աջակցության համար, ինչպես նաև շնորհակալ եմ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր այս ընթացքում, իսկապես, քաղաքացիական պատասխանատվությամբ են մոտենում կատարվող գործողություններին, այո՛ կանգնում են մեր կողքը և աջակցում քայլերին՝ ապօրինության դեմ պայքարում»,- նկատում է Դավիթ Համբարյանը:


Որոշ տեղերում օրինազանց քաղաքացիները շարունակում են արհամարհել համայնքի շահը՝ փորձելով խոչընդոտել քաղաքապետարանի գործողություններին: Ապօրինի շինություններ կառուցած քաղաքացիները հաճախ խնդրում են ժամանակ տալ՝ «իրենց ձեռքով» շինությունները քանդելու համար: Քաղաքապետ Հայկ Մարությանը հորդորում է նրանց՝ ժամ առաջ քանդել ապօրինի կառույցները, որովհետև, երբ քաղաքապետարանի աշխատակիցները գան նրանց հետևից, արդեն ուշ է լինելու:


Մեջբերում քաղաքապետի հայտարարությունից.
«ա) ինքնակամ կառույցներ նախաձեռնողներն ի սկզբանե պետք է տեղյակ լինեին, որ ապօրինություն են գործում, հետևաբար, ըստ էության, ինքնակամ կառույցներ իրականացնելու պահից սկսած՝ նրանք ժամանակ և հնարավորություն ունեին «իրենց ձեռքով» կանխելու կամ վերացնելու ապօրինությունը:
բ) ընդունեք այս հայտարարությունը որպես ևս մեկ զգուշացում: Սրանով ևս մեկ հնարավորություն ենք տալիս ձեզ՝ ժամ առաջ ապամոնտաժելու ապօրինի կառույցները: Երբ քաղաքապետարանից գան ձեր ապօրինի կառույցը քանդելու, այլևս ժամանակ չեք ունենալու:
Երևանի քաղաքապետարանն իր գործողություններում հաստատակամ է: Հետևողականորեն գնալու ենք հանրության շահի կոպիտ խախտմամբ կառուցված բոլոր ապօրինի շինությունների հետևից:»:

 

«Քաղաքային իշխանությունների պատասխանը լինելու է անողոք՝ ապօրինությունների դեմ պայքարում, լինի դա համայնքային, թե պետական հողերի վրա կատարված ապօրինություն, և այդ պայքարը տարվելու է մինչև վերջ»,- նշում է Դավիթ Համբարյանը:

 

 

Տեսանյութ

Քաղաքն ընդդեմ ապօրինի կառույցների