ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Քննարկվել են Երևանի և Միացյալ Թագավորության միջև ներդրումային դաշտի ակտիվացմանն ուղղված հարցեր

14.02.2018

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանում և Վրաստանում Միացյալ Թագավորության առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատար Մարկ Փրիթչարդի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը:

Ողջունելով հյուրերին և ներկայացնելով Երևանի զարգացման առաջնահերթությունները՝ քաղաքապետն ընդգծել է այն հիմնական ուղղությունները, որոնց շրջանակում Երևանի քաղաքապետարանը պատրաստակամ է խորացնելու երկկողմ համագործակցությունը: Այս համատեքստում քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնավորապես առանձնացրել է քաղաքային տրանսպորտի բարելավման, ճանապարհաշինական, թափոնների կառավարման, այդ թվում նոր աղբավայրի և վերամշակման գործարանների կառուցման, ինչպես նաև այլ ծրագրերի շրջանակում հնարավոր փոխգործակցության հնարավորությունները:
«Մենք բաց և պատրաստակամ ենք հնարավոր արդյունավետ համագործակցություն ծավալելու և, հաշվի առնելով ձևավորված բարենպաստ ներդրումային միջավայրը, կարևորում ու ողջունում ենք օտարերկրյա ներդրումների իրականացումը Երևան քաղաքում: Համոզված եղեք, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում մշտապես պատրաստ է քննարկելու և աջակցելու բրիտանական ընկերություններին՝ շահավետ ներդրումային ծրագրերի իրականացման հարցում», - նշել է Տարոն Մարգարյանը՝ համագործակցության զարգացման գործում կարևորելով ինչպես ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի, այնպես էլ Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանի դերը:
Հայաստանում և Վրաստանում Միացյալ Թագավորության առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատար Մարկ Փրիթչարդը, շնորհակալութուն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ Երևանը տպավորիչ քաղաք է և ունի ներդրումային մեծ ներուժ:
«Երևանը զարգացող քաղաք է, և այն ծրագրերը, պարոն քաղաքապետ, որոնք այսօր դիտարկում եք առաջնահերթ, իսկապես շատ կարևոր են քաղաքի համար: Հատկապես վերջին տարիներին Երևանը հանդես է եկել մի շարք հետաքրքիր գաղափարներով, որոնցից կուզեի առանձնացնել «Խելացի քաղաք» հայեցակարգի ստեղծումը, որի շուրջ կարելի է գործակցային տարբեր եզրեր գտնել: Այս տարվա հունիս ամսին նախատեսում ենք բրիտանացի գործարարների այց կազմակերպել Երևան, ինչը, կարծում եմ, շատ օգտակար կլինի քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում արդյունավետ համագործակցության հիմքեր դնելու առումով», - նշել է Մարկ Փրիթչարդը՝ Երևանի քաղաքապետին առաջարկելով «Խելացի քաղաք» հայեցակարգի շրջանակում ներառել նաև «Անաղմուկ քաղաք»-ի գաղափարը, որին միտված գործնական քայլեր արդեն իսկ տարվում են աշխարհի առաջատար քաղաքներում:
Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթն էլ իր հերթին արձանագրել է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքի զբոսաշրջային գրավչության բարձրացման ուղղությամբ վերջին տարիներին իսկապես շոշափելի քայլեր են կատարվում, ինչն, անշուշտ, ներդրումներ ներգրավելու և շահավետ փոխգործակցություն ծավալելու հրաշալի հնարավորություն է ընձեռում:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն, անդրադառնալով զբոսաշրջության զարգացման մասով ծրագրային ցուցանիշներին, նկատել է, որ 2017 թվականին 2016-ի համեմատ կրկնապատկվել է Երևան այցելած զբոսաշրջիկների թիվը և, հաշվի առնելով, որ այս տարին Երևանի համար հոբելյանական է, ակնկալվում է զբոսաշրջիկների անհամեմատ մեծ հոսք, ինչը հաշվի առնելով նպատակային աշխատանքներ են տարվում ենթակառուցվածքների ավելացման ուղղությամբ: Առիթն օգտագործելով՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրերին հրավիրել է մասնակցելու մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումներին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև գործարար միջավայրի բարելավման, համատեղ ծրագրերի իրականացման ու համագործակցության ակտիվացման մի շարք այլ հարցեր:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player