«Քվանտ» վարժարանն այս տարի նշում է հիմնադրման 25-ամյակը

23.11.2016

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Քվանտ» վարժարան, որն այս տարի նշում է հիմնադրման 25-ամյակը: Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, կրթության ոլորտի պատասխանատուների և վարժարանի ղեկավարության ուղեկցությամբ շրջայց է կատարել Հայաստանի Հանրապետության առաջին փորձարարական ոչ պետական դպրոցում, ծանոթացել հանրակրթության ոլորտում միջազգային ճանաչում ունեցող նորարարական-գիտական կենտրոնի հիմնանորոգված ուսումնական մասնաշենքի պայմաններին, կրթական ծրագրերին, զրուցել դպրոցի սաների և ուսուցիչների հետ:
«Քվանտ» վարժարանը 2011թ.-ից ստացել է Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի իրականացման թույլտվություն: Վարժարանի շրջանավարտներն ստանում են պետական ատեստատ, իսկ Միջազգային բակալավրիատի ծրագրով սովորողները՝ նաև Միջազգային բակալավրիատի դիպլոմ, որը հիմք է հանդիսանում առանց ընդունելության քննությունների ընդունվելու աշխարհի բազմաթիվ առաջատար համալսարաններ: Կենտրոնի պատասխանատուների հավաստմամբ՝ կրթական այս հաստատության մի շարք մշակումներ արդեն ներդրվել են հանրակրթության ոլորտում: Վարժարանի սաներն ակտիվորեն մասնակցում են դպրոցականների ինչպես հանրապետական, այնպես էլ միջազգային առարկայական օլիմպիադաներին՝ արձանագրելով շատ լավ արդյունքներ:
Այցի ավարտին Նախագահը Երևանի քաղաքապետի, կրթության և գիտության նախարարի և վարժարանի տնօրենի հետ քննարկում է ունեցել կրթության ոլորտի խնդիրների, այս ոլորտում պետական-մասնավոր հատված համագործակցության և կրթական համակարգի զարգացման ծրագրերի վերաբերյալ: Սերժ Սարգսյանը լսել է ոլորտի առանձին խնդիրների լուծման վերաբերյալ վարժարանի տնօրենի մոտեցումներն ու առաջարկությունները: Հանրապետության Նախագահը կրթության և գիտության նախարարին հանձնարարել է առաջիկայում աշխատանքային հանդիպում անցկացնել հանրակրթության և բարձրագույն կրթության հարցերի քննարկման նպատակով:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ