Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ռուսական բալետի աշխարհահռչակ պարուհի Անաստասիա Վոլոչկովայի հետ

18.10.2012

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով ՌԴ վաստակավոր արտիստուհի, ռուսական բալետի աշխարհահռչակ պարուհի Անաստասիա Վոլոչկովան հյուրընկալվել է Երևանի քաղաքապետարանում: Ողջունելով հյուրին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու համար և նկատել, որ աշխարհահռչակ պարուհու երևանյան ելույթը, ըստ էության, դիտարկվում է <<Էրեբունի - Երևան 2794>> տոնակատարության տրամաբանության շրջանակում ու, այդպիսով նաև, դառնում տոնական տրամադրության շարունակություն:
<<Մեզ համար իսկապես հաճելի է մայրաքաղաքի օրվա տոնական միջոցառումներից անմիջապես հետո հյուրընկալել Ձեզ մեր հնամենի քաղաքում, ինչը, վստահ եմ, նաև Ձեզ համար է լավ առիթ զգալու տոնական Երևանի շունչը: Կարծում եմ` արդեն հասցրել եք հմայվել Երևանի գեղեցկությամբ և հավաստիանալ, որ Դուք մեր հյուրընկալ քաղաքում սպասված ու գնահատված հյուր եք>>,- նշել է Տարոն Մարգարյանն ու վստահեցրել, որ բալետի աշխարհահռչակ ռուս պարուհու երևանյան ելույթն իր ուրույն տեղը կգտնի մայրաքաղաքի մշակութային կյանքի այս տարվա առատության մեջ:
Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին հրավերի և ջերմ ընդունելության համար` Անաստասիա Վոլոչկովան իր հերթին նկատել է, որ իսկապես ջերմ ընդունելության է արժանացել հայ հանդիսատեսի կողմից: Պարուհին նաև նշել է, որ իր առաջին այցից ավելի քան վեց տարի անց գալով Երևան նախ և առաջ հաճելիորեն զարմացել է քաղաքի ներկայիս անճանաչելիորեն գեղեցկացած արտաքին տեսքով:
<<Կարող եմ վստահեցնել Ձեզ, պարոն քաղաքապետ, որ ես իսկապես հիացած եմ: Երևանը շատ է գեղեցկացել, ինչի համար ի սրտե ուրախ եմ, քանի որ ինձ համարում եմ հայ ժողովրդի լավ բարեկամ: Ավելին, ունենալով շատ հայ ընկերներ, ես այստեղ ինձ բնավ օտար չեմ զգում և հնարավորության դեպքում կկամենայի ավելի հաճախ այցելել Ձեր հրաշալի երկիր>>,- նշել է Անաստասիա Վոլոչկովան և հավելել, որ կցանկանար ավելի շատ ներգրավված լինել հայկական մշակութային ծրագրերում:
Օգտվելով առիթից` բալետի աշխարհահռչակ ռուս պարուհին քաղաքապետի հետ քննարկել է նաև մոտ ապագայում Երևանի խորեոգրաֆիկ ուսումնարանի պատանիների համար վարպետաց դաս կազմակերպելու հնարավորությունը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ողջունելով առաջարկը, քաղաքապետարանի պատասխանատուներին հանձնարարել է քննարկել հարցն ու հնարավորին կարճ ժամկետում կազմակերպել վարպետաց դասի անցկացումը:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ