Մայրաքաղաքում բացվել է նոր բժշկական կենտրոն

20.02.2014

Մայրաքաղաքում հանդիսավորությամբ բացվել է «Սլավմեդ» բժշկական կենտրոնը: Բացման արարողությանը ներկա են գտնվել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, պաշտոնատար այլ անձինք, արտերկրից ժամանած հյուրեր: Նորակառույցի բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և կենտրոնի հիմնադիր տնօրեն Արմինե Հովակիմյանին: Կենտրոնի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2012թ.՝ նախկին «Ճշգրիտ սարքավորումներ» գործարանի մասնաշենքում: Ամբողջությամբ վերանորոգվել են 2005թ.-ին սեփականաշնորհված գործարանի անբարեկարգ հիմնական մասնաշենքի 3603քմ և մոտ 1500 քմ օժանդակ տարածքները: Ընդհանուր ներդրումները կազմել են մոտ 5 մլրդ ՀՀ դրամ:
Բժշկական կենտրոնի հիմնադիր տնօրեն Արմինե Հովակիմյանը նշել է, որ «Սլավմեդ» բժշկական կենտրոնի ստեղծումը նպատակ ունի Հայաստանի հիվանդանոցային համակարգը համալրել եվրոպական չափանիշներին համապատասխան բազմապրոֆիլ բժշկական ծառայություններ մատուցող ևս մեկ բուժհաստատությունով: Հանրապետության նախագահը, Երևանի քաղաքապետն ու ՀՀ առողջապահության նախարարը բժշկական կենտրոնի տնօրենի ուղեկցությամբ շրջել են հարկաբաժիններում ծանոթացել հիվանդների սպասարկման պայմաններին, զրուցել անձնակազմի հետ: Բժշկական կենտրոնն ունի 180 աշխատակից, որից 55-ը` բժիշկ, 75-ը`միջին բուժաշխատող։ Մոտակա ամիսներին բուժհաստատությունը կհամալրվի ևս 20 նեղ մասնագետով և բուժքույրով: Արմինե Հովակիմյանը նշել է, որ կենտրոնը հագեցած է վերջին սերնդի բարձրակարգ բժշկական սարքավորումներով և համապատասխան վերապատրաստում անցած մասնագետներով: Արդյունքում ստեղծվել է վերջին սերնդի ախտորոշիչ և բժշկական սարքավորումներով հագեցած արդիական բժշկական կենտրոն, որն ունի 5 վիրահատարան, ծննդատուն, ինտենսիվ բուժման, գինեկոլոգիական, էնդոսկոպիկ, ընդհանուր, միկրո և պլաստիկ վիրաբուժության, օրթոպեդիայի, վնասվածքաբանության, ուռոլոգիայի, անոթային, քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքներ, ինչպես նաև մատուցում է լաբորատոր և ախտորոշիչ լայն սպեկտորի ծառայություններ, ներառյալ` համակարգչային շերտագրություն և ռենտգեն: Կենտրոնի հիվանդասենյակները համապատասխանում են եվրոպական ժամանակակից պահանջներին։ Ներկայացնելով առաջիկա անելիքները՝ կենտրոնի տնօրենը նաև հավելել է, որ «Սլավմեդ» բժշկական կենտրոնն առաջիկա տարիներին մտադիր է Հայաստան հրավիրել արտերկրում ճանաչված և փորձառու մասնագետների՝ հայ բժիշկների շարունակական վերապատրաստումն ապահովելու նպատակով:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին