Մայրաքաղաքում մեկնարկել է գարեջրասերների կողմից սիրված Երևանի գարեջրի 4-րդ փառատոնը

19.08.2017

Կարապի լճի հարակից տարածքում մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի ամենասպասված և սիրելի միջոցառումը՝ Երևանի գարեջրի 4-րդ փառատոնը: Միջոցառմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը, ինչպես նաև քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը:

Փառատոնի պաշտոնական բացումն ազդարարվել է Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանի ողջույնի խոսքով:
Ըստ փառատոնի կանոնակարգի՝ «Փառատոնը հայտարարվում է բացված» խոսքերից հետո տաղավարները նոր միայն սկսել են իրենց աշխատանքը:
«Երևանի գարեջրի փառատոնը նպատակ ունի հանրությանը ծանոթացնելու հայկական գարեջրի ավանդույթներին, ինչպես նաև գարեջրի արտադրությամբ զբաղվող հայկական ընկերություններին համախմբելու մեկ հարթակում՝ հույս ունենալով, որ տարիներ անց Երևանի գարեջրի փառատոնը կդառնա տարածաշրջանում, և ոչ միայն, լավագույն զբոսաշրջային փառատոնը, որի համար շատերը կայցելեն Երևան»,- նշել է Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը:
«Երևանի քաղաքապետարանը մեծ կարևորություն է տալիս զբոսաշրջային բաղադրիչ պարունակող միջոցառումներին, ինչպիսին է Երևանի գարեջրի փառատոնը, որի շնորհիվ տարեցտարի ավելի շատ զբոսաշրջիկներ են ժամանում մեր մայրաքաղաք»,- նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը:
Փառատոնի սկզբում լարախաղաց Հովսեփ Բեգլարյանը գարեջրի բաժակներով հետաքրքիր ծրագիր է ներկայացրել, իսկ այդ ամենը նկարահանվել է գերմանական ընկերության կողմից, որը զուգահեռաբար ֆիլմ է պատրաստում հայկական ազգային ավադույթների մասին:
Փառատոնի ժամանակ Հայաստանի ֆիլատելիստների միության անդամ Ռոբերտ Հակոբյանի կողմից կներկայացվի հետաքրքիր ցուցահանդես: Իսկ փառատոնի մասնակիցները Տերյան մշակութային կենտրոնի տաղավարում հնարավորություն կունենան լուսանկարվելու:
Այս տարի, ավանդույթի համաձայն, փառատոնին առանձին տաղավարներով իրենց գարեջրի տեսականիները և խորտիկները ներկայացրել են «Երևանի գարեջրի» գործարանը, «Գյումրի» և «Ալեքսանդրապոլ» գործարանները, «Կոտայք» գարեջրի գործարանը, «Beer Academia» գարեջրի գործարան-ռեստորանը, «Յանկի» փաբ-գարեջրատունը, «Karloff» չեխական գարեջրատուն-ռեստորանը, Հայաստանի խեցգետնակերների ֆեդերացիան, «BeerMania» գարեջրատուն-սրճարանը: Երևանի գարեջրի 4-րդ փառատոնում առաջին անգամ առանձին տաղավարներով մասնակցում են նաև «Ալավերդի» և «Դիլիջան» գարեջրի գործարանները, «Wild West» և «Barel» փաբ-գարեջրատները:
Միջոցառումն իրենց կենդանի կատարումներով ավելի հետաքրքիր և ռիթմիկ կդարձնեն «Aleksandrapol» բենդը, DJ Leo-ն և «Միլեն» պարային համույթը:
Նշենք, որ փառատոնում տուրիզմի բաժինը սահմանել է հատուկ կանոնակարգ, համաձայն որի մասնակից ընկերությունները գարեջուրը վաճառելու են ոչ ապակյա տարաներով և շուկայական արժեքից ցածր գնով, ինչպես նաև տարածքում արգելվելու է գարեջրի վաճառքը անչափահասներին: Միջոցառման ժամանակ ուրաքանչյուր տաղավարում անցկացվելու է 2-3 մրցույթ (հնարավորին արագ ըմպել, ըմպել ձողիկով, որոշել նրբերշիկի համը, արագորեն մաքրել գետնանուշը, արագորեն ուտել խեցգետին և այլն): Հաղթողները կստանան նվերներ՝ Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի և մասնակից ընկերությունների կողմից:
Ըստ կազմակերպիչների՝ այս տարվա փառատոնին ակնկալվում է շուրջ 10.000 այցելու:
Հիշեցնենք, որ Երևանի գարեջրի փառատոնը «Համով-հոտով Երևան» և «Երևան ՏԱՐԱԶֆեստ» փառատոներից հետո երրորդ զբոսաշրջային բաղադրիչ պարունակող խոշոր միջոցառումն է, որն արդեն հասցրել է սիրվել ոչ միայն մեր համաքաղաքացիների, այլ նաև բազմաթիվ զբոսաշրջիկների կողմից:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ