ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Մայրաքաղաքում շուրջ 440 չորացած և վթարային ծառ կա. դրանք կհատվեն

06.03.2019

Մարտի 5-ից մայրաքաղաքում մեկնարկել է գարնանային էտը: Էտի աշխատանքները տարվում է ինչպես պողոտաներում ու փողոցներում, այնպես էլ այգիներում, պուրակներում ու բակային տարածքներում: Երբեմն ծառերի էտը անհանգստացնում է քաղաքացիներին՝ տպավորություն ստեղծելով, թե ծառերը հատվում են կամ վնասվում են դրա արդյունքում: Մասնագետները վստահեցնում են. այսօր աշխատանքներն իրականացվում են մասնագիտորեն հիմնավորված ու կանոնակարգված սկզբունքներով:

«Եթե մենք թողնենք ծառի վրա չորացած ճյուղեր, այդ ծառը շատ կարճ կյանք կունենա: Մեր հիմնական նպատակը ոչ թե ծառը հատելն է կամ չորացնելը, այլ այն միշտ երիտասարդ պահելը: Ծառի էտման աշխատանքները չպետք է շփոթենք հատելու հետ: Պետք է վստահություն ստեղծենք բնակիչների մոտ, որպեսզի նրանք մեզ վստահեն և չմտածեն, որ եթե սղոցով մոտենում ենք ծառին, ուրեմն վնասում ենք», - ընդգծում է ծառագետ Գևորգ Սարոյանը:
«Շատ սերտորեն աշխատում ենք գիտական կենտրոնների հետ և էկոլոգիական առումով պետք է հաշվի առնենք էտման գործընթացից հետո պատշաճ խնամքը: Մոտավոր ոչինչ չի արվելու, ծառերը պետք է անձնագրավորվեն իրենց տեղով, դիրքով և տեսակով»,- նշում է Երևանի գլխավոր էկոլոգ Գայանե Ներսիսյանը:
Այս տարի նոր մոտեցում կցուցաբերվի էտված ճյուղերի հարցում. դրանք տեղում կմանրացվեն: Քաղաքային հետաքրքիր այս մշակույթի ներդրումը շուտով տեսանելի կլինի նաև Երևանում:
«Եթե այս պարագայում պետք է երկու կամ երեք բեռնատար կանգնի, որ ճյուղերը տեղափոխի, ապա մուլչավորման արդյունքում աշխատանքն առավել արդյունավետ կդառնա: Մեքենային կցված հատուկ սարք է լինելու, որը տեղում աղալու է ճյուղերը, և արդեն փոքրիկ պարկերով ավելի հարմար կլինի տեղափոխելը»,- նշում է Երևանի գլխավոր էկոլոգ Գայանե Ներսիսյանը:
Մասնագետների մոտեցումը հստակ է նաև մայրաքաղաքում առկա չորացած և վթարային ծառերի հարցում: Գարնանային էտի շրջանակում դրանք կհատվեն: 2018թ.-ի աշնանն իրականացված գույքագրման համաձայն մայրաքաղաքում շուրջ 440 նմանատիպ ծառ կա:
«Բոլոր այն ծառերը, որոնք վնասված են, չորացած են, պիտի ազատվենք այդ ծառերից, և դրանց փոխարեն անմիջապես պետք է կատարենք համալրում տվյալ տարածքին համապատասխան նոր ծառերի տնկիներով: Մենք տպավորություն ստեղծելու խնդիր չունենք, իբր ունենք շատ ծառեր»,- ասում է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետը:
Չորացած, իրենց կենսունակությունը կորցրած և վթարային ծառեր կան նաև Մյասնիկյան պողոտայում:
«Մյասնիկյան պողոտայում ունենք 10-ից ավելի սև բարդիներ, որոնք չորացած են և իրենց տարիքն ապրել են: Դրանք ամեն վայրկյան վտանգ են ներկայացնում հարակից շինությունների, երթևեկության և մարդկանց անվտանգության համար»,- նշում է Խաչիկ Հակոբյանը:
Քաղաքացիներին անհանգստություն չպատճառելու համար էտման աշխատանքները հիմնական պողոտաներում ու փողոցներում կիրականացվեն երթևեկության ոչ բանուկ ժամերին կամ հանգստյան օրերին:
«Ծառերն իրականում Երևան քաղաքում հիմնականում ծերացած են: Վերջին տարիներին տնկված ծառերը եղել են շատ բարակ, ոչ կենսունակ և ոչ պատշաճ ոռոգվող տարածքներում են տնկվել: Մենք պետք է հետևողական լինենք և արդեն այս տարի այնպիսի չափորոշիչներով ենք տնկիներ ընտրելու, որ լինեն ավելի կենսունակ: Դրանք կտնկվեն միայն ոռոգելի տարածքներում: Չորացած ծառերը հեռացնելու և նորերով փոխարինելու այս բարդ փուլը պիտի գիտակցաբար հաղթահարենք»,- ընդգծում է Խաչիկ Հակոբյանը:

 

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player