Մայրաքաղաքում սկսել են փակել բազմաբնակարան շենքերի աղբամուղերը

29.06.2020

Երևանի մի շարք վարչական շրջաններում սկսել են փակել բազմաբնակարան շենքերի աղբամուղերը՝ համայնքային իշխանության, համատիրությունների ու բնակիչների համագործակցությամբ:

«60 և ավելի բնակարաններ միացան, և իրենց ցանկությամբ ու ստորագրությամբ մենք փակեցիքն աղբամուղի խցիկները և աղբամաններ տեղադրեցինք: Հիմա արդեն բունկերը մաքուր է, չոր է, հոտի տարածում չկա»,- ասում է համատիրության կառավարիչ Մելքոմ Խաչատուրյանը:
«Շատ մեծ զավեշտ է, որ ժամանակին կառուցել են այնպիսի շենքեր, որոնց աղբամուղերը եղել են հենց անմիջապես շենքի մեջ: Բազմաթիվ զարգացած ու զարգացող երկրներում ոչ մի նմանատիպ նախագծեր չունենք: Բայց ինչ արած, այդ սխալը մենք կուղղենք, ինչը որ անում ենք»,- նշում է Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանը:
Աղբամուղերը բազմաբնակարանների սեփականատերերի տնօրինության տակ են, այդուհանդերձ, քաղաքային իշխանությունը խրախուսում է դրանց կոնսերվացումը։
«Ըստ օրենքի՝ մենք պետք է ունենանք բնակիչների երկուերորդի համաձայնությունը: Այսինքն, եթե 60 բնակչից գոնե 40-42 հոգի ստորագրեն, իրականանում է ծրագիրը»,- ընդգծում է Միքայել Թումասյանը:
«Գործընթացը սկսվեց բնակիչների հետ բանակցության և բացատրական աշխատանքով: Մեծ մասը կողմ էր, որ աղբամուղերը փակվեն: Կա նպատակ, որ մինչև տարեվերջ ամբողջ վարչական շրջանում փակված լինեն բոլոր աղբամուղերը: Լավ ցուցանիշներ ենք գրանցել և գոհ ենք սկսած գործընթացից»,- նշում է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանը:
«Շատ ուրախ կլինեմ, որ սա համատարծ բնույթ կրի բոլոր վարչական շրջաններում, և օգտվելով առիթից՝ ուզում եմ մեր Նոր Նորքի բնակիչներին կոչ անել, մյուս շենքերը, որոնք դեռ չեն համաձայնվել կամ միգուցե տեղյակ չեն, շուտ արձագանքեն, և իրենց աղբամուղերը նույնպես փակենք ու անցնենք ավելի բարեկեցիկ կյանքի»,- ասում է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը:
Մինչ զոդման աշխատանքների իրականացումը՝ նախ աղբամուղերն ամբողջությամբ մաքրվում են հատուկ նյութով:
«Ախտահանում ենք իրականացնում ամբողջական, հատուկ հեղուկներով լվանում ենք, որովհետև տարիների կուտակված կեղտ կա: Աղբախցերը մաքրում ենք ու հանձնում բնակչությանը: Սկզբնական շրջանում բավականին բողոքներ կային, հիմա արդեն ստանում ենք զանգեր, որ շնորհակալություն են հայտնում կատարված աշխատանքի համար»,- նշում է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակից Վարդգես Զուռնաչյանը:
Փակվող աղբամուղերի փոխարեն շենքերի մոտակայքում տեղադրվում են անհրաժեշտ քանակության նոր աղբամաններ։
«Հիմա այս պահին մենք մեր ենթակապալառուների միջոցով ենք այս աղբախցերը տեղափոխում: Ճիշտ է, հիմա ենթակապալառուների փոխարեն տանելու են մեր մեքենաները, մի քիչ բարդանում է մեր աշխատանքը, բայց մենք չենք տրտնջում, շատ լավ նախաձեռնություն է»,- ասում է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանը:
Գործընթացի մեկնարկից մինչ օրս Աջափնյակում 90, Դավթաշենում 33, Մալաթիա-Սեբաստիայում 24 և Նոր Նորքում 16 աղբամուղ է փակվել: Շատ շուտով բազմաբնակարան շենքերի մոտ նաև աղբի տեսակավորման համար նախատեսված տարագույն աղբարկղեր կավելանան։

 

 

Տեսանյութ

Մայրաքաղաքում սկսել են փակել բազմաբնակարան շենքերի աղբամուղերը