Մշակվել են կառուցապատման թույլտվությունների և քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման ուղեցույցներ

22.01.2018

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը զեկուցել է, որ գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագրի շրջանակում աշխատանքային խմբի կողմից մշակվել են կառուցապատման թույլտվությունների և քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման ուղեցույցներ, որոնց տպագիր տարբերակներն առաջիկայում հասանելի կլինեն քաղաքացիներին: Նաև նշվել է, որ կառուցապատման թույլտվությունների և քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման վերոնշյալ ուղեցույցների էլեկտրոնային տարբերակներն արդեն իսկ ներկայացված են Երևանի քաղաքապետարանի yerevan.am պաշտոնական կայքի Doing Business բաժնում:
Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ ՃՈ հետ համատեղ ստուգայցեր են իրականացվել երթևեկելի գոտիներում ապօրինի տեղադրված և մեքենաների կայանմանը խոչընդոտող առարկաների հայտնաբերման և առգրավման նպատակով: Արդյունքում առգրավվել է 17 նմանատիպ առարկա: Հանձնարարվել է շարունակել խստացված հսկողությունն ու հասարակական կարգի պահպանության ծառայության և ՃՈ հետ համատեղ պարբերական ստուգայցերը:
Աշխատակազմի հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ ի կատարում քաղաքապետի հանձնարարականի, Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր մանկապարտեզների տեսանելի վայրերում փակցված են մանկապարտեզի աշխատանքային ժամերի, երեխաների ընդունելության կարգի և անհրաժեշտ այլ տեղեկատվության մասին համապատասխան ցուցատախտակներ:
Անդրադառնալով սուր շնչառական վարակներով պայմանավորված կրթական հաստատություններ չհաճախող երեխաների տվյալներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի առողջապահության, հանրակրթության և մշակույթի վարչություններին հանձնարարել է շարունակել վարակի հնարավոր տարածումը կանխարգելելու նպատակով կրթամշակութային հաստատություններում իրականացվող խստացված հսկողությունը:
Աշխատանքային խորհրդակցության ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ ձեռնարկված են անհրաժեշտ միջոցները հունվարի 27-ին՝ սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը և ս.թ. հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառումները մայրաքաղաքում պատշաճ մակարդակով կազմակերպելու և անցկացնելու նպատակով: Հանձնարարվել է Արարատյան հայրապետական թեմի հետ համագործակցելով նախապատրաստվել նաև փետրվարի 11-ին՝ Բուն Բարեկենդանի տոնի պատշաճ կազմակերպմանն ու անցկացմանը:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին