Եռաբլրի շուրջ 4.5 հա տարածքը կանաչապատվում է

03.05.2021

Դեպի Եռաբլուր ճանապարհին տնկվող ամեն մի ծառ խորհրդանիշ է: Շուրջ 4.5 հեկտար տարածքն ամբողջությամբ կանաչապատվում է: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային հիմնարկի նախաձեռնությամբ աշխատանքներն սկսել էին դեռ նախորդ տարեվերջին:

 

«Նպատակ ունենք ստանալ բազմաշերտ կանաչապատում ունեցող կանաչ գոտի Երևանում: Միայն այսօր տնկվելէ 1700 բույս: Հիմնականում բարձր սաղարթ ունեցող ծառեր են:Բացի այդ, ունենք մշտադալարներ՝ սոճիներ, կլինի նաև գիհիների մեծ խումբ»,- նշում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանը:


«Ամայի տարածությամբ անցնում էինք մեր երեխեքի մոտ գնալիս, որն այնքան չոր ու դատարկ էր: Այստեղ, այս տարածքին շունչ էր պետք, որովհետև Եռաբլուր իսկապես բաբախող սրտեր կան՝ մեր տղաների սրտերը»,-ասում է զոհված Հայկ Սահակյանի մայրը՝ Աստղիկ Հովհաննիսյանը:


«Այս տարածքը պետք է կանաչապատ ու մաքուր լինի, որ մարդիկ գան, զբոսնեն ու հիշեն մեր տղաներին»,- հավելում է զոհված Սամվել խաչատրյանի մայրը՝ Մարիաննա Խուրշուդյանը:


«Հայրենասիրությունն ու կյանքը սկսում է հենց նման նախաձեռնություններից: Մենք պետք է ապրենք և հենց այն հողում, որի վրա մեր տղաներն արյուն են թափել» ,- ասում է զոհված Էդգար Մարգարյանի մայրը՝ Արսինե Սահակյանը:


Գարնանային ծառատունկի ընթացքում մարտին տնկած ծառերն արդեն ծաղկել են: Կարճ ժամանակում արդյունքի հասնելն ամենօրյա քրտնաջան աշխատանքի պատասխանն է: Գլխավոր խնդիրը ժամանակին և գրագետ ոռոգումն է: Եռաբլուր ջուրը հասնում է խողովակներով՝ անցնելով մի քանի կիլոմետր:


Այս տարի ծառատունկն իրականացվում է մի քանի փուլով: Գարնանը քաղաքում կտնվի շուրջ 5000 ծառ և ավելի քան 100.000 թուփ: Դրանք ինչպես ձեռքբերած, այնպես էլ քաղաքային ջերմոցատնկարանային տնտեսությունում աճեցված բույսերն են: Տունկին զուգահեռ՝ քաղաքի հին ու նոր թփերն ու ծառերը բուժում են ստանում: Այս տարի մոտեցումներն այլ են, մասնագետների խոսքով՝ ավելի արդյունավետ:


«Բույսերի պաշտպանության համար ցերեկային ժամերին հիմնականում օգտագործվում է ձեռքի սրսկիչ, իսկ արդեն գիշերը, հաշվի առնելով անվտանգության խնդիրները, աշխատում է հատուկ տեխնիկա: Իսկ կրապատում քաղաքային պայմաններում սովորաբար չի արվում, քանի որ կրապատվում են պտղատու ծառերը»,- նշում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փորձագետ Արմենակ Տեր Գրիգորյանը:


Երևանի կանաչ գոտիների վերականգնման, պահպանման ու ընդլայնման աշխատանքների կարևոր բաղադրիչ է ոռոգման ցանցը: 2021-ին կանցկացվի 15 կմ նոր ջրագիծ, ևս 15 կմ էլ կնորոգվի գոյություն ունեցող ցանցից:


Կանաչապատման նոր լուծումներն ու աշխատանքի նոր ոճը կթելադրեն տարբերվող ձեռագիր, որի շնորհիվ քաղաքում ընդգծված կանաչը կլինի ամբողջ տարի:

Տեսանյութ

Եռաբլրի շուրջ 4.5 հա տարածքը կանաչապատվում է