Ուղարկեք առցանց դիմում տնից՝ e-request.am էլեկտրոնային հարցումների միասնական հարթակով

23.03.2020

Արտակարգ դրության օրերին քաղաքացիները Երևանի քաղաքապետարան, ինչպես նաև պետական շուրջ 60 այլ մարմին դիմում, բողոք կամ հարցում կարող են ուղարկել առցանց՝ առանց տնից դուրս գալու: Պարետ Տիգրան Ավինյանի ցուցումով բոլոր կառույցները պետք է ապահովեն էլեկտրոնային դիմումների ընդունումը՝ e-request.am հարցումների միասնական հարթակով: 

Դիմում, հարցում կամ բողոք գրելու համար պետք է մուտք գործել համակարգ, սեղմել համապատասխան պատուհանին ու, լրացնելով դաշտերը, ուղարկել այն: Ամբողջ ընթացքը ձեզնից կխլի ընդամենը մի քանի րոպե:
Դիմումը հաջողությամբ ուղարկելուց հետո պետք է հիշել բանալի-կոդը, որով էլ հետո կարող եք առցանց հետևել դիմումի ընթացքին: Երևանի քաղաքապետարան ուղղված հարցումներն անմիջապես ստանում են քաղաքապետարանի ընդհանուր բաժնում և ընթացք տալիս:
Հարցումների պատասխանները ևս կտրամադրվեն էլեկտրոնային եղանակով: Այսպես դուք կխուսափեք հերթերից, ժամանակի կորստից, նաև համաճարակային հնարավոր վտանգներից:
Կայքում կգտնեք նաև վիճակագրությունը, թե ո՞ր մարմինը, որքա՞ն հարցում է ստացել, նաև՝ կարծիքներ տրամադրված պատասխանների և դրանց ժամկետների վերաբերյալ:
Հիշեցնենք նաև, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական՝ Yerevan.am կայքում ևս շարունակում է գործել առցանց դիմումների ընդունման համակարգը: Դրա համար պետք է մտնել «Էլեկտրոնային ծառայություններ» բաժինը, ընտրել դիմումի տեսակն ու առցանց ուղարկել:

Տեսանյութ

Ուղարկեք առցանց դիմում տնից՝ e-request.am էլեկտրոնային հարցումների միասնական հարթակով