«Փայտանկարների խորհուրդը» ցուցահանդեսը՝ Երևանի պատմության թանգարանում

16.12.2022
Մշակույթ

Երևանի պատմության թանգարանում բացվել է Չինաստանի «Շանդուն նահանգի փայտանկարների խորհուրդը» ցուցահանդեսը:

Ներկայացված մանրանկարների կրկնօրինակները տրամադրել է Ցինդաո քաղաքի թանգարանը: Դրանք ամանորյա և առօրյա կենցաղի հետաքրքիր խորհուրդ ունեն և բաժանվում են չորս խմբի՝ «Աստվածների օրհնություններ», «Լավագույն մաղթանքներ», «Ավանդական օպերա», «Հարգանք ուսուցիչների և մեծերի նկատմամբ»: Արտահայտում են չին ժողովրդի, մասնավորապես Շանդուն նահանգի բնակչության առանձնահատուկ լեզվամտածողությունը, որը, պատկերների վերածվելով, դարձել է արվեստի բացառիկ ճյուղ: Ցուցահանդեսում ներկայացված են նաև Երևան քաղաքի պատմության թանգարանում պահպանվող 19-րդ դ. վերջի -20-րդ դ. սկզբի չինական ճենապակյա անոթներ:
Միջոցառման հանդիսավոր բացմանը ներկա էր Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունը:
«Հայերի և չինացիների բարեկամությունն ունի հազարավոր տարիների պատմություն: Ուրախ եմ, որ երկու քաղաքների թանգարանների միջև համագործակցությունը ստացվեց, և այսօր թանագարանի բազմաթիվ այցելուները, հատկապես երեխաները, հնարավորություն կունենան ծանոթանալ չինական մշակույթին»,-ընդգծել է դեսպանը:
Ցուցահանդեսն իրականացվել է «Հայ-չինական գործընկերության կենտրոն» ՀԿ-ի և Չինաստանի Ցինդաո քաղաքի մունիցիպալ թանգարանի հետ համագործակցության արդյունքում և նվիրված է հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 - ամյակին:

Լուսանկարներ

Տեսնել ավելին