Փոփոխություն՝ «կարմիր» գծերում

08.02.2021

Երևանի 12 վարչական շրջաններից 10-ում կվերացվեն «կարմիր» գծերը. դրանք կմնան միայն Կենտրոնում և Արաբկիրում: Խորհրդարանն ամբողջությամբ ընդունեց օրենսդրական փաթեթը: Նախագիծը մշակելիս օրենսդիրները հաշվի են առել մի շարք խնդիրներ:


«Օրենքի այս փոփոխությանը տասնյակ հազարավոր վարորդներ են սպասել: Հիմնական փոփոխությունները վերաբերում են վարորդների արդարացի դժգոհությունները բավարարելուն և դրանք հնարավորինս զրոյացնելուն»,- նշում է ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:


«Համագործակցություն է եղել օրենքի նախագծի հեղինակների հետ, ունեցել ենք հանդիպումներ, մենք էլ մեր դիտողություններն ենք արել, ինչի շնորհիվ ստացվել է այս նախագիծը, որը մեր քաղաքացիների համար և՛ շահավետ, և՛ ավելի արդարացի է»,- ասում է Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանը:


«Կարմիր գծերի ներդրման սկզբնական փուլում այն չծառայեց նպատակին, քանի որ փորձը ցույց տվեց, որ առհասարակ կայանման խնդիր չլուծվեց և կայանման բարելավում չիրականացվեց, իսկ շատ վարորդների համար ավելի շատ խնդիրներ առաջացրեց: Նախկինում եթե վերահսկվում էր այդ տարածքը ինչ-որ անձանց կողմից և հնարավոր էր, որ վնասեին մեքենան ու չկարողանային փախչել, ապա այս իրավիճակում խնդիրը մնացել էր, քանի որ տեսանկարահանումն ամբողջ քաղաքում չէր իրականացվում՝ որտեղ առկա էին կարմիր գծերը»,- ընդգծում է «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը:


Այսուհետ՝ օրը 24 ժամ ավտոկայանատեղիներում տրանսպորտային միջոցների շարժը կվերահսկեն տեղադրված շուրջ 1500 տեսախցիկները: Այս կերպ առավել թափանցիկ կդառնա ողջ գործընթացը, վարչարարությունն էլ կիրականացվի բացառապես տեսանյութի առկայության պարագայում:

 

«Այդ տեսախցիկները տեղադրված են Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում, և օրենքը ուժի մեջ մտնելու պահից սկսած հսկողությունն իրականացվելու է բացառապես այն տարածքներում, որտեղ դրանք առկա են: Ներկայումս ապացուցողական բազան լինելու է անբեկանելի, բոլոր փաստերն առկա են լինելու և իրավական տեսանկյունից՝ ավելի ուժեղ»,- ասում է «Փարքինգ սիթի սերվիս» ՓԲԸ տնօրեն Վազգեն Հարությունյանը:


«Ամբողջովին փորձել ենք մարդկային գործոնը զրոյականի հասցնել. տեսախցիկներում տեղադրված է համապատասխան ծրագիր, որն ավտոմատ կերպով մեքենայի կայանման փաստից անմիջապես հետո գրանցում է պետհամարանիշները և 15 րոպե հետո նույն կերպ առանձնացնում այդ հատվածը, իսկ հետագայում համեմատվում է՝ արդյոք այդ մեքենայի տերը վճարում կատարել է, թե՝ ոչ, և եթե չի կատարել, բնականաբար, վարչական ակտ է կազմվում»,- ասում է ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:


Նախկինում իրավախախտման դեպքերն արձանագրվում էին հիմնականում շրջիկ մեքենայի, որոշ հատվածներում նաև՝ տեղադրված տեսախցիկների միջոցով, ինչն էլ բազմաթիվ դժգոհությունների առիթ էր դառնում:


«Նախկինում, երբ շրջիկ մեքենան պտտվում էր, կարող էր նույն տարածք վերադառնալ մեկից երկու ժամ հետո և, այո, կարող էին լինել դեպքեր, երբ տվյալ վայրում կայանած վարորդը լքած լիներ վայրը և նորից վերադարձած, ու արդյունքում համընկնում լիներ շրջիկ մեքենայի մյուս պտույտի ընթացքում»,- նկատում է Սիսակ Գաբրիելյանը:


«Համապատասխան գործիքակազմ է ներդրվելու, մասնավորապես ծանուցվող վարչական ակտն ունենալու է համապատասխան փին-կոդ՝ ծածկագիր, որով yerevan.am կայքում անձը կարող է ներբեռնել տեսանյութը և դիտել իր 15 րոպե անընդմեջ կայանված լինելու փաստը»,-ընդգծում է Երևանի քաղաքապետարանի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ Արամ Աբովյանը:


Փոփոխված օրենքի հաջորդ՝ ամենակարևոր դրույթներից մեկն էլ վերաբերում է վաճառքի կամ վարձույթի համար երկարաժամկետ կայանած ավտոմեքենաներին։ Այդ մեքենաների համար կլինեն հատուկ վայրեր և հատուկ սակագներ, որոնք որոշելու է Երևանի ավագանին։

 

«Այդ դեպքերի համար Երևանի ավագանին կարող է սահմանել վճարի շատ ավելի բարձր դրույքաչափ, որով կսահմանափակի կամ կխոչընդոտի տվյալ տիպի գործունության իրականացումը: Օրենքը վերաբերում է նաև այն տրանսպորտային միջոցներին, որոնք կայանած են վճարովի ավտոկայանատեղերում և որոնց պետհամարանիշը կամ բացակայում է կամ փակ է. այդ տրանսպորտային միջոցները կտեղափոխվեն հատուկ պահպանման տարածք»,- նշում է «Փարքինգ սիթի սերվիս» ՓԲԸ տնօրեն Վազգեն Հարությունյանը:


«Երկու կառույցների միջև փոխգործակցությունը օրենսդրորեն հնարավոր է, և այս դեպքում էլ քաղաքապետարանը կարող է իր միջոցներով տարհանման աշխատանքները պատվիրակել որևէ ընկերության, կարող է նաև օժանդակություն խնդրել նույն ՃՈ-ից, որովհետև ոստիկանությունը նաև հասարակական կարգը պահպանելու իրավասությամբ է օժտված»,- ընդգծում է Սիսակ Գաբրիելյանը:


«Նախատեսվել է ավելի ծանր սանկցիաներ, բնականաբար դա չի լինելու 5000 դրամ, և անձը, բացի այն, որ ՃՈ պահպանվող հատուկ տարածքի պահպանման վճարն է վճարելու, նաև վճարելու է տույժը»,- ասում է Արամ Աբովյանը:


Համայնքի կողմից կազմակերպվող վճարովի կայանատեղերի սակագներն, ի դեպ, կմնան անփոփոխ. մեկ ժամվա համար՝ 100, մեկ տարվա համար՝ 12 000 դրամ:

 

Նոր օրենքի հաջորդ փուլով նախատեսվում է բջջային հավելվածի ստեղծում: Վերջինս քաղաքացիներին հնարավորություն կտա կատարել վճարում, ծանուցումներ ստանալ կայանման ավարտի ժամի վերաբերյալ, իրավախախտման դեպքում դիտել իրենց տեսանյութերը, ինչպես նաև տեղեկատվություն ստանալ քաղաքում առկա ազատ ավտոկայանատեղերի վերաբերյալ: Բջջային հավելվածը նախատեսվում է գործարկել այս տարեվերջին:

 

Ավտոկայանատեղիների մասին նոր օրենքը ուժի մեջ կմտնի Հանրապետության նախագահի վավերացումից հետո:

 

Տեսանյութ

Փոփոխություն՝ «կարմիր» գծերում