Փորձի փոխանակում՝ նիդերլանդական ընկերության հետ

16.05.2019

Աշխարհի 28 երկրի տարբեր քաղաքներում ենթակառուցվածքների ու այլընտրանքային տրանսպորտի զարգացման և բնապահպանական նշանակության ծրագրերի իրականացման փորձը «Move Mobility» նիդերլանդական ընկերությունը պատրաստ է տրամադրել Երևանին:

Քաղաքապետարանում կայացած հանդիպման ժամանակ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով այցի և աջակցության պատրաստակամության համար, ընդգծեց, որ քաղաքային իշխանությունը կարևորում է միջազգային փորձի տեղակայնացումը:
Հանդիպմանը մասնակցել են նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը՝ իր աշխատակազմի անդամներով, քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ:
«Move Mobility» ընկերության տնօրեն Տոնի Բոշն իր հերթին նկատեց, որ, թեև առաջին անգամ է մեր երկրում, սակայն հասցրել է որոշ չափով ծանոթանալ Երևանի խնդիրներին: Բացի այդ, ուսումնասիրել են տրանսպորտային համակարգը, տեղանքը, ծանոթացել և ողջունել կենտրոնում նախատեսված մայթերի լայնացման ու հեծանվուղիների կառուցման ծրագիրը:
Ներկայացնելով քաղաքի պլանավորման և ծառայությունների մատուցման բնագավառում ընկերության փորձը՝ նշվեց, որ երկար տարիների փորձառու մասնագետներն առաջիկայում կժամանեն Երևան և տեղում կքննարկեն քաղաքի համար առաջնահերթ խնդիրների հնարավոր լուծումները:

Լուսանկարներ

Տեսնել ավելին