«Թափանցիկ, որակյալ և արդյունավետ ծառայություններ՝ բնակիչների համար». քաղաքապետ Հրաչյա Սարգսյան

21.06.2022

Երևանի ավագանու որոշմամբ կառուցվածքային փոփոխություններ կարվեն Երևանի քաղաքապետարանի մարդկային ռեսուրսների կառավարման, ինչպես նաև գործերի կառավարման և սպասարկման վարչություններում: Հունիսի 21-ին գումարված նիստում ավագանին հավանություն տվեց որոշման նախագծերին:


Փոփոխությունների նպատակը համակարգային նոր մոդելի գործարկումն է, ինչը մարդկային ռեսուրսների կառավարման ամբողջական էլեկտրոնային հարթակի ստեղծման, կենտրոնացված համակարգի ներդրման, ինչպես նաև կադրային քաղաքականության ճիշտ և արդյունավետ վարման հնարավորություն կտա:


Քարտուղարության ստեղծմամբ էլ հստակ քայլեր կձեռնարկվեն քաղաքացիներին որակյալ, պատշաճ և արդյունավետ ծառայությունների մատուցման ուղղությամբ: Քարտուղարությունը բաղկացած կլինի Քաղաքացիների սպասարկման, Ընդհանուր և Արխիվային գործի վարման բաժիններից, որոնք կապահովեն խորհրդատվության տրամադրում, քաղաքացիների դիմումների մուտքագրում, զանգերի արդյունավետ կառավարում, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ապահովում և մի շարք այլ ծառայությունների մատուցում, որոնց հետ ամեն օր առնչվում են Երևանի բնակիչները:

 

«Քաղաքացիների սպասարկումը մեր առաջնային օղակներից է, և Երևանի քաղաքապետարանի մասին առաջին հերթին մարդիկ կարծիք են կազմում հենց այդ օղակի գործունեությունից: Մեր նպատակն է ապահովել թափանցիկ, որակյալ և արդյունավետ ծառայությունների մատուցում բնակիչների համար»,- ընդգծել է քաղաքապետը:

 

***


Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի հարակից տարածքում կտեղադրվի հայ մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանի կիսանդրին: Ավագանին հավանություն տվեց որոշման նախագծին:


***


Ավագանու միաձայն որոշմամբ Երևանի թիվ 22 հիմնական դպրոցը կանվանակոչվի 44-օրյա պատերազմի հերոս, ավագ լեյտենանտ Գևորգ Արշակյանի անունով։

 

***


Ավագանու մեկ այլ որոշմամբ Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, մի շարք միջազգային մրցաշարերի մրցանակակիր, հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Մալխաս Ամոյանին անհատույց օգտագործման իրավունքով բնակարան նվիրաբերվեց Երևանում:


***


Երևանի ավագանու որոշմամբ մայրաքաղաքում կտեղադրվեն ճարտարագետ-երկրաբան, երկրաբանահանքագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ Կոնստանտին Պաֆենհոլցի, ՀՀ վաստակավոր մանկավարժ, պատմաբան, հրապարակախոս, թարգմանիչ Գարեգին Հարությունյանի, հայ մեքենագետ, ՀՍՍՀ-ում գյուղատնտեսության մեքենայացման հիմնադիր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՍՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ Սմբատ Սահակյանի և նրա որդու՝ հայ գիտնական, տեխնիկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Էդուարդ Սահակյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակները:


***


Էրեբունի վարչական շրջանի Լիսինյան փողոցն այսուհետ կկրի ականավոր գիտնական, ֆիզիկոս, գեղանկարիչ Գրիգոր Գուրզադյանի և ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սարգիս Գուրզադյանի անունը՝ «Գրիգոր և Սարգիս Գուրզադյանների փողոց»։


Ավագանու մեկ այլ որոշմամբ Կենտրոն վարչական շրջանի Վերին Անտառային փողոցի հ.120 հասցեից մինչև Լեոնիդ Ազգալդյան փողոց ձգվող հատվածը կկրի կոմպոզիտոր, թավջութակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Արտեմի Այվազյանի, Լեոնիդ Ազգալդյան փողոցից մինչև Վերին Անտառային փողոցի հ.150/17 հասցե ձգվող հատվածը՝ կոմպոզիտոր, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանի, Վերին Անտառային փողոցի հ.150/17 հասցեից մինչև հ.174/10 հասցե ձգվող հատվածը՝ կոմպոզիտոր, դիրիժոր, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանի, Լեոնիդ Ազգալդյան փողոցից մինչև Վերին Անտառային փողոցի հ.128/2 հասցե ձգվող հատվածը՝ կոմպոզիտոր, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Հարությունյանի և Լեոնիդ Ազգալդյան փողոցից մինչև Գոհար Գասպարյան փողոց ձգվող հատվածը՝ կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդգար Հովհաննիսյանի անունը:

 

***


Ավագանին հավանություն տվեց նաև Գետառի վրա ջրերի մաքրման կայանի կառուցման բնապահպանական ծրագրի իրականացմանը: Նախագծի շրջանակում Գետառը կմաքրվի կոյուղաջրերից՝ միաժամանակ կանխարգելելով աղտոտված Գետառի միախառնումը Հրազդան գետին, որն էլ թափվում է Երևանյան լիճ: Ծրագիրն ունի էկոհամակարգի և կենսաբազմազանության պահպանման, ինչպես նաև ռեկրեացիոն գոտու առողջապահական նորմերի ապահովման ուղղվածություն:


***


Երևանի ավագանու որոշմամբ փոփոխություններ են կատարվել արտաքին գովազդի տեղաբաշխման վերաբերյալ համայնքային կանոններում: Հարկ է նշել, որ որոշման ներկա կանոնակարգումներով միմյանցից հստակ տարանջատված չեն գովազդի միջոցի և գովազդի տեղաբաշխման թույլտվությունների հայցման և դրանց տրամադրման կարգերը: Նոր նախագիծն ուղղված է նշված խնդիրները վերացնելուն և գործող կարգավորումները հստակեցնելուն, որի արդյունքում համայնքի տարածքում արտաքին գովազդ տեղադրելու հետ կապված հարաբերությունները կլինեն առավել հստակ։ Նախագծի ընդունմամբ հստակեցվում է առանց որևէ թույլտվության տեղադրված գովազդի ապամոնտաժման կարգը, ինչը ներկայիս կանոնակարգումների պայմաններում տարատեսակ մեկնաբանությունների տեղիք է տալիս։ Ոլորտում համակարգային փոփոխությունները կլինեն շարունակական:


***


Երևան համայնքն այս տարի ձեռք կբերի 15 նոր տրոլեյբուս և 150 ավտոբուս: Այդ նպատակով ավագանու որոշմամբ հավելյալ 6,342,503.0 հազ. դրամ հատկացվեց: 410,000.0 հազ. դրամ էլ հատկացվեց 41 նոր վերելակի ձեռքբերման և տեղադրման նպատակով: Հարկ է նշել, որ 2022թ․ նախատեսված 426 վերելակի փոխարինման ծրագրի ծավալն ավելացավ ևս 10%-ով:


***


Երևանի 12 վարչական շրջանների վարչական շենքերում «Հայփոստ» ՓԲԸ-ին վարձակալությամբ կտրամադրվեն տարածքներ: Նախաձեռնությունը կնպաստի բնակիչների սպասարկման որակի բարձրացմանը: Վերջիններս հնարավորություն կունենան տեղում իրականացնել վճարումներ, ինչի արդյունքում կբարձրանա եկամուտների գանձման արդյունավետությունը:


***


Այսպիսով, Երևանի ավագանին ամփոփեց 8-րդ նստաշրջանի աշխատանքները: Համայնքի օրենսդիրն իր գործունեությունը կվերսկսի սեպտեմբերի 13-ից: