Երևանում ասֆալտապատումն այսուհետ կիրականացվի նոր տեխնոլոգիայով

22.07.2010

Մայրաքաղաքում եվրոպական տեխնոլոգիաների կիրառմամբ ասֆալտապատում իրականացնելու նպատակով Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հանձնարարությամբ մայրաքաղաք այցելեցին միջազգային փորձագետներ: Ավելի քան 6 ամիս տևած ուսումնասիրություններից հետո Երևանում սկսվեց նոր ասֆալտի արտադրությունը, որը տեխնոլոգիայով և որակական չափանիշերով լիովին համապատասխանում է եվրոպական ստանդարտներին: Խճամաստիկային ասֆալտի բաղադրությունը նախ փորձաքննություն է անցնում լաբորատորիայում, որից հետո միայն արտադրվում է անհրաժեշտ ծավալն ու տեղափոխվում մայրաքաղաքի փողոցներ: Այս տարի արդեն մայրաքաղաքի երկու փողոցներ ասֆալտապատվեցին <<Շմա>> կոչվող եվրոպական այս նոր, ժամանակակից տեխնոլոգիայի կիրառմամբ: Իսահակյան փողոցի՝ Բաղրամյան-Մաշտոց հատվածը, ինչպես ասում են, <<եվրոպական ասֆալտի>> առաջին ծիծեռնակն է մայրաքաղաքում: <<Գիտության, նոր տեխնոլոգիայի, նոր հայտնագործությունների ներդրում է այսօր տեղի ունենում Երևանում: Այս տեխնոլոգիան Եվրոպայում արդեն մի քանի տարի կիրառվում է, երկու տարի է, ինչ Մոսկվայում էլ այս մեթոդով են աշխատում: Երևանն այսօր ետ չի մնում Եվրոպայից>>,- ասում է Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետ Ֆրունզ Բասենցյանը: Ասֆալտապատման նոր եղանակի առավելությունն, ըստ մասնագետների, ասֆալտբետոնե ծածկույթի դիմացկունությունն ու երկարակեցությունն է` շնորհիվ խառնուրդի բաղադրության մեջ կիրառվող նյութերի: Ավազախճային խառնուրդը պարունակում է ավազ, խիճ, հանքային փոշի և ցելյուլոզա: Մասնագետները վստահեցնում են, որ նոր մեթոդով ասֆալտապատումը շահագործման 15 տարվա երաշխիք է տալիս: <<Խառնուրդը շատ է տարբերվում նախկինում մեր օգտագործածից: Ավազի պարունակությունը հասցված է նվազագույնի. նախկին 40-50 տոկոսի փոխարեն այստեղ15-20 տոկոս է: Խառնուրդի բաղադրության մեջ նաև 0,2-0,3 տոկոս ցելյուլոզա է օգտագործվում, որը, ինչպես նաև ավազի քիչ պարունակությունը, երաշխավորում են, որ ասֆալտե ծածկույթը ճաքեր, ալիքներ չի տա>>,- ասաց <<Խաչհար>> ՍՊԸ-ի տնօրեն Աշոտ Բաղդասարյանը: Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետի խոսքով՝ հաջորդ տարիներին արդեն Երևանի նորակառույց ճանապարհները կասֆալտապատվեն միայն այս տեխնոլոգիայով: Այս, ինչպես նաև մայրաքաղաքում ընթացող համաքաղաքային բոլոր ծրագրերը, Երևանի քաղաքապետի ամենօրյա հսկողության տակ են: Շինարարները նշում են, որ քաղաքապետն անձամբ տեղում է ստուգում աշխատանքի որակը:
Քաղաքապետի հանձնարարությամբ մայրաքաղաքի փողոցների ասֆալտապատման գործընթացում այս տարի ներդրվեց ևս մեկ նորույթ: Թբիլիսյան խճուղու հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են Երևան ներկրված ասֆալատապատման նոր, հատուկ սարքավորումով, որը մինչ այս Հայաստանում չի կիրառվել: Մասնագետները նշում են, որ գերմանական արտադրության <<Ռեյսայկլեռ>> տեսակի այս հզոր սարքավորումն աշխարհում համար առաջինն է ճանապարհաշինության բնագավառում. 30-40 սմ խորությամբ քանդում է ասֆալտի հին ծածկույթը, վերամշակում և, առաջացած զանգվածը մշակելով, կրկին փռում է տեղում: Այս գործողությանը հաջորդում է 40 տոննա ճնշման հզորություն ունեցող վիբրագլդոնի գործադրումը, որը, հարթեցնելով այդ զանգվածը, ամուր հիմք է ստեղծում նոր ճանապարհի համար: Հենց այդ հիմքին էլ փռվում է նոր ասֆալտի շերտը: Այս տեխնոլոգիան կիրառելու շնորհիվ ասֆալտի շերտի վրա երկար տարիներ բացառվում է իջվածքների և ճաքերի առաջացումը: Մայրաքաղաքի մուտքերից մեկը համարվող, երթևեկությամբ ծանրաբեռնված Թբիլիսյան խճուղին, նոր տեխնոլոգիայով իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ավարտից հետո, բոլորովին նոր տեսք կստանա: Ծրագիրը ծավալուն է. փոխվում են նաև խճուղու եզրաքարերը, բարեկարգվում են մայթերը, արդիականացվում է արտաքին լուսավորության ցանցը: Փողոցները բարեկարգելու քաղաքապետարանի այս տարվա ծրագրով հիմնանորոգվում է նաև Ծիծեռնակաբերդի խճուղին: Մինչ օրս 2 կմ-անոց այս ճանապարհը եղել է երկկողմանի երթևեկելի, սակայն՝ մեկական շերտերով: Շինարարության ավարտից հետո այստեղ երկու կողմից երկշերտ երթևեկություն կկազմակերպվի: Խճուղու վերակառուցման արժեքը 800 մլն դրամ է, ֆինանսավորումն իրականացվում է Երևանի քաղաքային բյուջեից: Ճանապարհի լայնացումից զատ, խճուղու երկկողմ հատվածներում կառուցվում են նոր մայթեր: Ամբողջությամբ արդիականացվելու է նաև արտաքին լուսավորության ցանցը: Խճուղին վերակառուցելու ծրագրում, քաղաքապետի հանձնարարությամբ, ներառվել է նաև ջրահեռացման համակարգերի կառուցումը, որը երբևէ չի եղել խճուղում: Բարեկարգման աշխատանքները մեծ թափով են ընթանում նաև Թամանցիների փողոցում, որտեղ կազմաքանդվում են տրամվայի գծերը, իսկ Դավիթ Անհաղթի փողոցում տրամվայի գծերն ամբողջությամբ հանված են, այժմ ասֆալտապատման աշխատանքներ են ընթանում: Եվս մի քանի օր, և ծրագիրն այստեղ ամբողջությամբ կավարտվի: Երևանի քաղաքապետարանի մայրաքաղաքի բարեկարգման տարեկան համալիր ծրագրի համաձայն՝ նախատեսված 1 մլն քմ ասֆալտապատումից այսօրվա դրությամբ արդեն ասֆալտապատվել է 400 հազար քմ, ինչը տարեկան ծրագրի 43 տոկոսն է: Ծրագիրն ընթանում է ըստ սահմանված ժամանակացույցի:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ