Վարչական շրջանների աշխատակազմերի ուժերով 2020-ին տասնյակ բակեր վերադարձվեցին բնակիչներին

28.12.2020

Ազատ ժամանակը բակում անցկացնելու ավանդույթը Երևանում պահպանվում է տարվա բոլոր եղանակներին: Կարևորը՝ բակերը բարեկարգ լինեն: 

Վարչական շրջանների 2020թ. ծրագրով բարեկարգվեց 65 բակային տարածք: Տասնյակ ավտոտնակների, ինքնաշեն կառույցների ու զավթած տարածքների փոխարեն ստեղծվեցին հանգստի կանաչ գոտիներ՝ հարմարավետ ճեմուղիներով, զբոսանքի, հատուկ գորգերով ու փոքրիկների համար խաղալու հարմարություններով :
«Մեր մանկության տարիներին տեսել ենք, թե ինչպես են օր օրի խաղահրապարակները վերածվում ավտրոտնակների: Մեր կարևորագույն խնդիրներից է՝ վերադարձնել բակերն ու խաղահրապարակները բնակիչներին»,-նշում է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը:
Զեյթունի բնակիչներն արդեն գարնանը մեծ թենիսի դաշտ կունենան: Առաջարկը ստացվել էր «ակտիվ քաղաքացի» հարթակով: Շինարարությունն ավարտված է, մնում է կահավորել: Ֆուտբոլի խաղադաշտերն էլ Էրեբունու բնակիչների երազանքն էր, անգամ՝ մեծահասակների:
«Նախկինում տարածքները բնակիչներն օգտագործում էին որպես ավտոկայանատեղի, հիմա արդեն դրանք մաքրված են և ծառայում է երեխաներին: Հաջորդ տարի նաև Սարի թաղում ենք նախատեսել պուրակ հիմնել»,-նշում է Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանը:
Բարեկարգելու ընթացքում այս տարի Դավթաշենում ու այլ վարչական շրջաններում լուծվեց նաև տարիներ շարունակ բնակիչներին անհանգստացնող մայթերի կառուցման խնդիրը:
Ամեն տարի քաղաքում ծրագրվող և իրագործվող տասնյակ նախաձեռնությունների նպատակը բնակչի հարմարավետության ու անվտանգության ապահովումն է: Քաղաքը բնակիչներինն է. հենց այս սկզբունքով 2021թ. կշարունակվեն քաղաքային ծրագրերը՝ երևանցիներին վերադարձնելով բակերն ու այգիները:

Տեսանյութ

Վարչական շրջանների աշխատակազմերի ուժերով 2020-ին տասնյակ բակեր վերադարձվեցին բնակիչներին
Տեսնել ավելին