Վերելակների գնման գործընթացը չի կասեցվել. «Ժամանակ» թերթի հերթական ապատեղեկատվությունը

15.05.2020

Այսօր «Ժամանակ» օրաթերթը կրկին ապատեղեկատվություն է տարածել քաղաքապետարանի հայտարարած 500 վերելակի գնման մրցույթի մասին։

Թերթը գրել է, թե իբր Երևանի քաղաքապետարանը անվավեր է ճանաչել վերելակների գնման մրցույթը, որում հաղթող էր ճանաչվել Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված ընկերությունը, և որը պետք է վերելակներ ներկրեր Թուրքիայից: Ըստ նույն ապատեղեկատվության, իբր, նոր հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել բելառուսական մի ընկերություն:

Իրականությունը հետեւյալն է.

Երևանի քաղաքապետարանի կողմից՝ վերելակների ձեռքբերման նպատակով հայտարարված գնման ընթացակարգ երբևէ անվավեր չի ճանաչվել: Երևանի քաղաքապետարանը, օրենքով սահմանված կարգով, Երևանի բազմաբնակարան շենքերի թվով 500 հատ վերելակների ձեռքբերման (տեղադրումով և սպասարկմամբ) նպատակով 02.04.2020 թվականին հայտարարել է «ԵՔ-ԲՄԱՊՁԲ-20/15» ծածկագրով բաց մրցույթի ընթացակարգ, որի բացումը տեղի է ունեցել 13.05.2020 թվականին և որին մասնակցում են թվով հինգ կազմակերպություններ: Մասնակիցների կողմից ներկայացված հայտերը գտնվում են գնահատման փուլում:

«Ժամանակ» օրաթերթի գործընկերներին հորդորում ենք վերանայել թեմայի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու գործելաոճը եւ համապատասխան հերքում հրապարակել: Այլապես, տպավորություն է ստեղծվում, թե թերթը զբաղված է ինչ-որ ընկերության լոբբինգով՝ փորձելով ազդել քաղաքապետարանի հայտարարած գնման ընթացակարգի արդյունքների վրա։

Տեղեկացնում ենք, որ հայտարարված մրցույթներն անց են կացվում օրենսդրությանը համապատասխան և նման հրապարակումը, ինչպես նաև այլ գործողություններ չեն կարող ազդել գնման ընթացակարգի արդյունքների վրա։

Լուսանկարներ