«Քաղաքապետները հանուն խաղաղության» կազմակերպություն

Հիրոսիմայի քաղաքապետ պարոն Տադատոշի Ակիբայի առաջարկով Երևանը 2010թ. նոյեմբերի 1-ից անդամակցում է «Քաղաքապետները հանուն խաղաղության» կազմակերպությանը։ Կազմակերպությունը նախագահում են Հիրոսիմա և Նագասակի քաղաքները: «Քաղաքապետները հանուն խաղաղության» կազմակերպությանն անդամակցում են 4 հազարից ավելի քաղաքներ 144 երկրներից և մարզերից, որոնց գործունեության նպատակը ատոմային զենքի վերացումն է:
Ինչպես հայտնի է, 1945թ. Հիրոսիմա և Նագասակի քաղաքները ենթարկվեցին ատոմային ռմբակոծման, որի հետևանքով հարյուր հազարավոր մարդիկ զոհվեցին: Այս սարսափազդու ողբերգության կրկնությունը կանխելու նպատակով էլ կազմակերպության անդամ քաղաքները համայն աշխարհին տեղեկացնում են ատոմային ռմբակոծման անմարդկային հետևանքների մասին և կոչ են անում ոչնչացնել ատոմային զենքը:«Քաղաքապետները հանուն խաղաղության» կազմակերպությունն ստեղծվել է 1982թ. Հիրոսիմա և Նագասակի քաղաքների քաղաքապետների ջանքերով:
Նրանք ձգտում են վերացնել ատոմային զենքը մինչև 2020թ. և այժմ ուսումնասիրում են 2020թ. Օլիմպիական խաղերը Հիրոսիմայում անցկացնելու հնարավորությունը: Ցանկություն ունեն կազմակերպել խաղաղության փառատոն և նշել մոլորակի ազատագրումն ատոմային զենքից:
Կարգախոսը հետևյալն է. «Պետք է վերացնել ատոմային զենքը, նախքան այն կոչնչացնի մեզ»: