ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Մեր քաղաքը

Մեր քաղաքը
Երևանը համայնք է` Երևանի բնակչության հանրություն:
Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է:
Երևանը իրավաբանական անձ է, ունի սեփականության իրավունք և գույքային այլ իրավունքներ: Երևանն ունի բյուջե, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ կնիք:
Երևանում տեղական ինքնակառավարումը հիմնվում է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված սկզբունքների վրա` ապահովելով Երևանի բոլոր վարչական շրջանների համաչափ զարգացումը:
Երևանի վարչական սահմանները սահմանված են «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքով:
Երևանի տեղական ինքնակառավարման մարմիններն են Երևանի ավագանին, Երևանի քաղաքապետը: Երևանի տեղական ինքնակառավարման մարմինները գործում են իրենց նստավայրում` Արգիշտիի փողոց 1 հասցեում: Ավագանու որոշմամբ ավագանին իր գործունեությունը (ներառյալ` նիստերի անցկացումը) կարող է կազմակերպել այլ վայրում:
Տարածքային կառավարումը Երևանում իրականացնում է ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը: Կառավարության որոշմամբ Երևանում տարածքային կառավարման որոշակի գործառույթներ կարող են փոխանցվել գործադիր իշխանության հանրապետական այլ մարմինների։
 
Երևանն արդեն 2798 տարեկան է:
Մ.թ.ա 9-րդ դարում Հայկական լեռնաշխարհի Վանա լճի ավազանում առաջանում է Վանի հայկական (Արարատյան) թագավորությունը` Ուրարտուն, Բիայնիլին: Պետության հիմնադիրը Արամե թագավորն էր: Վանի թագավորությունը ժամանակի ամենազարգացած տերություններից էր:
Արգիշտի Ա արքան իր տիրակալության 5-րդ տարում` մ.թ.ա. 782թ., հիմնադրում է Էրեբունի ամրոց-քաղաքը` ներկայիս Երևանը, որը դառնում է երկրի վարչատնտեսական կարևորագույն կենտրոններից մեկը: Էրեբունու հիմնադրման տարեթիվը ստույգ հայտնի է մեզ հասած սեպագիր արձանագրությունից.
«Խալդի աստծո մեծությամբ, Արգիշտին` Մենուայի որդին, ասում է. այս հզոր ամրոցը կառուցեցի, սահմանեցի Էրեբունի անունը Բիայնիլի երկրի հզորության համար, ի սարսափ թշնամական երկրների: Արգիշտին ասում է. հողը ամայի էր, հզոր գործեր ես այնտեղ կատարեցի Խալդի աստծո մեծությամբ, Արգիշտի` Մենուայի որդի, թագավոր հզոր, թագավոր Բիայնիլի երկրի, տերը Տուշպա քաղաքի»:
 
Մեր մայրաքաղաքի անունը գալիս է դեռևս ուրարտական շրջանից` Էրեբունուց: Ուրարտագիտությունից հայտնի է, որ ուրարտերեն «Բ» հնչյունը հայերենում հնչում է «Վ»: Այստեղից էլ Էրեբունի անունը ձևափոխվել է և դարձել Երևան: Երևանը գտնվում է Արարատյան դաշտի եզրին, Հրազդան գետի երկու ափերին` ծովի մակերևույթից 900-1200 մետր բարձրության վրա: Քաղաքի կլիման խիստ ցամաքային է` շոգ ու չոր ամառ և համեմատաբար խստաշունչ ձմեռ:
Քաղաքը վարչական սահմանով հարում է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերին: