ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Երևանի խորհրդանիշները

Երևանի խորհրդանիշները
ԵՐԵՎԱՆԻ ԶԻՆԱՆՇԱՆԸ
 
Երևանի խորհրդի 2004թ. սեպտեմբերի 27-ի նիստում փոփոխություն կատարվեց Երևանի քաղաքային խորհրդի 1995թ. ապրիլի 26-ի «Երևանի զինանշանի մասին» հ. 1/8-2 որոշման մեջ. փոփոխվեց Երևանի զինանշանի նկարագրական մասը:
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածին համապատասխան` Երևան քաղաքի ավագանու  12.04.2010թ. «Երևան քաղաքի խորհրդանիշների մասին» N 85-Ն որոշման համաձայն` զինանշանն ունի հետևյալ նկարագիրը. կապույտ   ֆոնին   հայերեն   բրոնզագույն   մեծատառերով   մակագրված «ԵՐԵՎԱՆ» պատվանդանին կանգնած, գլուխը ետ շրջած, իշխանության խորհրդանիշ գավազանը բռնած  առյուծն  է։ Նրա  գլխավերևում թագն  է՝ մեջտեղից  բարձրացող  Կենաց  ծառի  խորհրդանիշ  վարսանդով։ Առյուծի կրծքին՝ հավերժության նշանի վրա, Արարատ լեռան պատկերն է։  Ողջ պատկերը երիզված է ուղղանկյունաձև վահանակով։
Գործածված են բրոնզագույն և կապույտ գույները։
Երևանի զինանշանի հեղինակն է Ալբերտ Սոխիկյանը: 
  
 
ԵՐԵՎԱՆԻ ԴՐՈՇԸ
 
2004թ. իրականացված մրցույթի արդյունքում, որն ամփոփվեց 2004թ. սեպտեմբերի 27-ին` Երևանի խորհրդի նիստում, խորհրդի N 12/1 որոշմամբ հաստատվեց Երևանի դրոշը` որպես Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի խորհրդանիշ:

«Երևան   քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածին համապատասխան` Երևան քաղաքի ավագանու  12.04.2010թ. «Երևան քաղաքի խորհրդանիշների մասին»  N 85-Ն որոշման համաձայն` դրոշն ունի հետևյալ նկարագիրը. դրոշի   ուղղանկյուն խաղապատկերն ընտրված է սպիտակ`  որպես  մաքրության, պարզության, անաղարտության միացյալ խորհրդանիշ: Կենտրոնում Երևանի զինանշանն է` շրջապատված  12 կարմիր   եռանկյունիներով, որոնք խորհրդանշում են Հայաստանի  12 մայրաքաղաքները:

Flag of Yerevan

Զինանշանի երանգը ծիրանագույն    և  բրոնզագույն   է՝  կապույտով երիզված:  Ազգային  դրոշի    գույները  համահեղինակներն օգտագործել  են՝   ընդգծելու  դրոշի մայրաքաղաքային նշանակությունը: 

Դրոշի    լայնության  և  երկարության   չափերի   հարաբերությունն է 1:2-ի:  Լայնության և երկարության հարաբերության չափերի պահպանմամբ կարող է օգտագործվել նաև փոքր կամ մեծ չափի դրոշ:
Երևանի դրոշի հեղինակներն են Կարապետ Աբրահամյանը և Կարապետ Փաշյանը:

 

 ***
Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու  2010 թ.  ապրիլի 12-ի «Երևան քաղաքի խորհրդանիշների մասին» N 85-Ն որոշումը և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով`  Երևան քաղաքի ավագանու 18.06.2010թ. թիվ 118-Ն որոշմամբ սահմանվել են Երևան քաղաքի խորհրդանիշների պարտադիր օգտագործման այլ դեպքերը  և կարգը։ 

 

ԵՐԵՎԱՆԻ ՕՐՀՆԵՐԳԸ
 
2004թ. անցկացված մրցույթի արդյունքում Երևանի խորհրդի N 12/2 որոշման հիման վրա հաստատվեց Երևանի հիմնը` որպես Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի խորհրդանիշ:
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման  մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածին համապատասխան` Երևան քաղաքի ավագանու  12.04.2010թ. «Երևան քաղաքի խորհրդանիշների մասին» N 85-Ն որոշմամբ սահմանվեց Երևանի օրհներգը:

 

ԷՐԵԲՈՒՆԻ - ԵՐԵՎԱՆ

Խոսքը`  ՊԱՐՈՒՅՐ  ՍԵՎԱԿԻ
Երաժշտությունը՝  ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ



Երևան դարձած իմ Էրեբունի,
Դու մեր նոր Դվին, մեր նոր Անի,
Մեր փոքրիկ հողի դու մեծ երազանք,
Մեր դարե կարոտ, մեր քարե նազանք:

ԿՐԿՆԵՐԳ : Երևան դարձած իմ Էրեբունի,
Դարեր ես անցել, բայց մնացել ես պատանի,
Քո Մասիս հորով, քո Արաքս մորով,
Մեծանաս դարով, Երևան:

Մենք արյան կանչեր ունենք մեր սրտում,
Անկատար տենչեր ունենք դեռ շատ,
Մեր կանչն առանց քեզ՝ իզուր կկորչի,
Առանց քեզ՝ մեր տաք տենչն էլ կսառչի:

Կյանքում ամեն սեր լինում է տարբեր,
Իսկ մենք բոլորս ենք քեզնով հարբել,
Տաք է սերը մեր՝ շեկ քարերիդ պես,
Հին է սերը մեր` ձիգ դարերիդ պես: