Բազմաբնակարան շենքերի կառավարում
Բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններն առաջնորդվում են «Համատիրությունների մասին», «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքների և ՀՀ կառավարության «04» հոկտեմբերի 2007թ. հ.1161-Ն որոշման պահանջներով:
Երևան քաղաքում 01.01.2026 թվականի դրությամբ հաշվառված է 5090 բազմաբնակարան շենք: Երևանի քաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի հարթ տանիքների մակերեսը կազմում է 1362592 քմ, իսկ բազմաբնակարան բնակելի շենքերի թեք տանիքների մակերեսը՝ 2459737 քմ, Երևանի բազմաբնակարան բնակելի շենքերն ունեն 13296 մուտք:
2025 թվականի ընթացքում Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերում կառավարման մարմինների և Երևան համայնքի բյուջեի միջոցների հաշվին կատարվել են հետևյալ աշխատանքները՝
• Հարթ տանիքների վերանորոգում – 62593քմ 657 շենքերում
• Թեք տանիքների վերանորոգում – 63810քմ 757 շենքերում
• Մուտքերի վերանորոգում – 323 մուտք 217 շենքերում
• Մուտքերի դռների տեղադրում – 214 դուռ 181 շենքերում
• Կոդավորված փականների տեղադրում – 314 փական
• Պատուհանների տեղադրում – 3620 քմ 256 շենքերում
• Ապակեպատում – 810 քմ 220 շենքերում
• Ջերմամեկուսացում – 710 գծմ 95 շենքերում:
Վերելակային տնտեսություն
Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերում առկա են 4770 վերելակներ: Վերելակների սպասարկումն իրականացվում և դրանց շահագործումն ապահովվում է մասնագիտացված կազմակերպությունների և կառավարման մարմինների վերելակային ծառայությունների կողմից:
2019 թվականից սկսած վերելակային տնտեսության բարելավման և արդիականացման նպատակով մեկնարկեց Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի հին վերելակների նորով փոխարինման ծրագիրը, որի շրջանակներում 2019թ. փոխարինվել է 20 վերելակ, 2020թ. փոխարինվել է 500 վերելակ, 2021թ.՝ 54 վերելակ, 2022թ.՝ 467, 2023թ.՝ 510, 2024թ.՝ 505, 2025թ.՝ 504 վերելակ: 2026 թվականի ծրագրերով նախատեսվում է նորով փոխարինել 500 վերելակ: