«Անմիջական շփումների միջոցով տեղերում առավել մոտիկից ես ծանոթանում քաղաքացիների խնդիրներին». Էրեբունի վարչական շրջանի ղեկավար

21.11.2018

Երևանի հարավարևելյան հատվածն ընդգրկող Էրեբունի վարչական շրջանում այսօր շուրջ 126 000 բնակիչ է ապրում: Առկա խնդիրների, նախատեսվող ծրագրերի ու առաջիկա անելիքների մասին խոսել է նորանշանակ ղեկավարը: Որպես բնակիչների հետ շփման կարևոր օղակ Արման Աբրահամյանը կարևորել է քաղաքացիների ամենշաբաթյա ընդունելությունը: Բնակիչների հետ վարչական շրջանի ղեկավարի հանդիպումները հաճախակի են նաև հանգստի գոտիներում ու բակային տարածքներում: 

«Անմիջական շփումների միջոցով տեղերում առավել մոտիկից ես ծանոթանում քաղաքացիներին հուզող խնդիրներին: Բազմաթիվ են դեպքերը, երբ բնակիչների կողմից բարձարցվող հարցերն ընդհանրապես չեն վերաբերում վարչական շրջանին, բայց մենք փորձում ենք մեր լիազորությունների շրջանակում աջակցել մարդկանց, ուղղորդել այն գերատեսչություններ, որոնք կզբաղվեն նմանատիպ խնդիրներով»,- նշել է Արման Աբրահամյանը:

Էրեբունիում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներից է կոյուղատար համակարգերի վատթար վիճակը, որոշ տեղերում՝ բացակայությունը: Դժգոհությունները շատ են նաև համատիրությունների աշխատանքից: Չնայած համատիրությունները ձևավորում են հենց բնակիչները և վերահսկողն էլ ըստ էության իրենք են, այդուհանդերձ համակարգում թերությունները բազմազան են: Վարչական շրջանի ղեկավարը վստահեցրել է, որ հետևողական է լինելու համատիրությունների աշխատանքի նկատմամբ. «Մենք լինելու ենք հետևողական, ստուգելու ենք համատիրությունների կատարած աշխատանքները, հավաքագրված բոլոր գումարներն իրենք պետք է ազնվորեն ցույց տան, թե ինչի համար է ծախսվել: Ես այստեղ ակնկալում եմ նաև բնակիչների աջակցությունը, ի վերջո իրենք են պատասխանատու համատիրությունների համար և իրենք պետք է մեզ տեղյակ պահեն թերությունների մասին»:
Աշխատակազմի բնականոն և արդյունավետ աշխատանքն ապահովելու հարցում Արման Աբրահամյանը կարևորել է հաջողված կառավարման համակարգի ձևավորումը և նշել, որ միայն այդ դեպքում է հնարավոր արագ արձագանքել քաղաքացիներին հուզող խնդիրներին. «Չի կարող վարչական շրջանի ղեկավարը լավ աշխատել, եթե չի աշխատում իր կառավարած համակարգը»:

 

 

Տեսանյութ

«Անմիջական շփումների միջոցով տեղերում առավել մոտիկից ես ծանոթանում քաղաքացիների խնդիրներին». Էրեբունի վարչական շրջանի ղեկավար