Երևան համայնքին վերադարձվեց 2484քմ տարածք, որոնք հիմնականում զբոսայգիների մեջ էին. կայացել է ավագանու հերթական նիստը
Երևանի 25 հասցեներում կոյուղատար համակարգերի հիմնանորոգման, ինչպես նաև 2 նոր կոյուղատար և 2 նոր հեղեղատար համակարգերի կառուցման աշխատանքներ կիրականացվեն: Երևանի ավագանին այսօրվա նիստում հավանություն տվեց որոշման նախագծին:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ Երևանում գույքագրվել են կոյուղատար համակարգի բոլոր խնդրահարույց հատվածները, և ներկայիս աշխատանքային տեմպերի պահպանման դեպքում մայրաքաղաքում կոյուղատար համակարգի հիմնական խնդիրները հնարավոր կլինի լուծել մոտ 5-6 տարվա ընթացքում։
Քաղաքապետը նաև ընդգծեց, որ չնայած նրան, որ դա համայնքի պարտադիր գործառույթը չէ, առկա խնդիրներին լուծումներ տալու նպատակով Կառավարության գործընկերների աջակցությամբ սկսել են ծրագրեր իրականացվել։
***
Ավագանու մեկ այլ որոշմամբ Երևան համայնքին են վերադարձվել 112 մլն 635 հազար դրամ կադաստրային արժեք ունեցող անշարժ գույքեր՝ 2484քմ տարածքով, որոնք հիմնականում զբոսայգիների մեջ էին:
Որպես նվիրատվություն՝ որոշման նախագծով վերադարձվեց Նալբանդյան փողոցի 23/1, Իսահակյան 7, ինչպես նաև Իսահակյան 3/3, Իսահակյան 3/4, Իսահակյան 3/5 հասցեներում գտնվող անշարժ գույքերի սեփականության իրավունքները:
Համայնք-մասնավոր գործակցության շրջանակում առկա շինությունների փոխարեն կձևավորվեն հանգստի հարմարավետ գոտիներ, և հանրային այս տարածքները կվերադարձվեն երևանցիներին:
***
Երևանի ավագանու հաջորդ հերթական նիստը կգումարվի հունիսի 23-ին: