Երևանը ՎԶԵԲ-ի հետ կշարունակի համագործակցությունը նոր ուղղություններով

13.05.2024

Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը հանդիպել է այս օրերին Երևանում գտնվող Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատվիրակության հետ, քննարկել համագործակցության հեռանկարները: 
Բարձր գնահատելով ՎԶԵԲ հետ երկարատև ու արդյունավետ գործընկերությունը քաղաքային ենթակառուցվածքների զարգացման բնագավառում՝ Սուրեն Գրիգորյանն ընդգծել է, որ Կառավարության հետ համաձայնագրերով ՎԶԵԲ-ի կողմից ներդրումներ են իրականացվում մետրոյի արդիականացման, էներգախնայողության և քաղաքային լուսավորության, հանրային փոխադրամիջոցների բնագավառներում: Մասնավորապես, համագործակցության շնորհիվ հնարավոր  դարձավ մայրաքաղաքի ավտոբուսային շարժակազմը համալրել 87 արդիական և «կանաչ» ավտոբուսներով: 
«Հաշվի առնելով Երևանում տրանսպորտային բարեփոխումների ծավալուն և հեռանկարային օրակարգը՝ ներկայումս նախագծվում է Երևանի էլեկտրական շարժունակության ծրագիրը. 250 էլեկտրական ավտոբուսների ձեռք բերում, լիցքավորման կայանների կառուցում և առնչվող այլ աշխատանքներ: Ծրագիրն ունի կլիմայական լուրջ բաղադրիչ: Ծրագրի առնչությամբ ակտիվ քննարկումներ ենք տանում միջազգային գործընկերների հետ: Պատրաստակամ ենք այս ծրագրի շրջանակում գործակցել նաև ՎԶԵԲ հետ»,-ընդգծել է Սուրեն Գրիգորյանը, հավելելով, որ այս օրերին Երևանն առաջին անգամ հյուրընկալում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան ժողովը և ներդրումային համաժողովը, որի կազմակերպման գործում իր ներդրումն ունի նաև նախկին փոխվարչապետ և ՎԶԵԲ-ում Հայաստանի կառավարիչ,  այժմ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: 
«Ինֆրա-Եվրասիա» ՎԶԵԲ կայուն ենթակառուցվածքի խմբի տնօրեն Եկատերինա Միրոշնիկը, կարևորելով ծրագրերի առաջնահերթությունները, ընդգծել է փոխգործակցության շարունակականության ապահովումը: 
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը: 
 

Լուսանկարներ

Տեսնել ավելին