Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի բացմանը

11.07.2016

 Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» միջազգային 13-րդ կինոփառատոնը, որն այս տարի նվիրվում է ՀՀ անկախության 25-ամյակին: 

 «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցած պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, «Ոսկե ծիրան» փառատոնի պատվավոր նախագահ Լևոն Սարգսյանը:
 «Ոսկե ծիրան» Երևանյան միջազգային կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը բացման իր խոսքում, կարևորելով փառատոնի դերը մայրաքաղաքի մշակութային կյանքում, հատուկ շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետարանին՝ ընդգծելով, որ փառատոնի շրջանակում իրականացվող համատեղ աշխատանքների շնորհիվ «Ոսկե ծիրան»-ը թե՛ երևանցիների և թե՛ այդ օրերին մայրաքաղաքի հյուրերի համար դառնում է առավել հետաքրքիր:
 «Ոսկե ծիրան» միջազգային 13-րդ կինոփառատոնը մեկնարկել է Համո Բեկնազարյանի «Զարե» ֆիլմի ցուցադրությամբ: Ի դեպ, այս տարի մրցութային ծրագրում ընդգրկվել են 3 ժանրի ֆիլմեր` խաղարկային, վավերագրական և հայկական համայնապատկեր:
 Հարկ է նշել, որ կինափառատոնի շրջանակում, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Կարապի լճի տարածքում տեղադրված մեծ էկրանի վրա կկազմակերպվեն ֆիլմերի բացօթյա ցուցադրություններ: Միջոցառումներ են նախատեսված նաև Ազնավուրի անվան և Ազատության հրապարակներում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ