Երևանի քաղաքապետարանն ու ՄԱԶԾ-ն կմշակեն համատեղ նոր ծրագրեր

27.04.2021

Երևանի քաղաքապետարանը և ՄԱԿ-ի զարգացման ծրագիրն ամփոփել են վերջին տարիների համագործակցությունն ու քննարկել քաղաքային նոր ծրագրերի իրականացման հնարավորությունը: Քաղաքապետարանում կայացած հանդիպմանը ներկայացվել են ՄԱԶԾ-ի հետ հաջողությամբ կյանքի կոչված, մասնավորապես, բնապահպանական նշանակության, այդ թվում՝ փողոցների լուսավորության, շենքերի էներգաարդյունավետության բարձրացման և էներգախնայողության ծրագրերը: Քաղաքի զարգացման հեռանկարային ուղղությունների մասին զրուցելիս կողմերն ընդգծել են, որ Երևանը պետք է լինի նորարարական, կանաչ, հարմարավետ բոլորի համար:

 

«Քաղաքապետարանի աշխատանքները հնարավորինս պարզ, բաց, վերահսկելի դարձնելը, թվայնացումն ու մատուցվող ծառայություններն էլեկտրոնային դարձնելը մեզ համար առաջնային խնդիրներից է, և այդ ուղղությամբ արդեն աշխատանքներ են տարվում: ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ փոխգործակցությունը, վստահ եմ, նոր հնարավորություններ կստեղծի»,- նշել է Երևանի քաղաքապետի խորհրդական Դավիթ Ճգնավորյանը:


«Տարբեր ոլորտներում քաղաքային իշխանության հետ համագործակցությունը բավական երկար տարիների պատմություն ունի: Ունենք հաջողված ու արդեն իրականություն դարձած ծրագրեր: Մի շարք նախագծերի վերաբերյալ սպասում ենք պատասխանների: Կան նաև գաղափարներ, որոնց ոլորտները պետք է մշակվեն համատեղ»,-ասել է ՀՀ-ում ՄԱԶԾ նորարարության և կայուն զարգացման նպատակների ֆինանսավորման ծրագրերի ղեկավար Տաթևիկ Քոլոյանը:


Երևանի զարգացման տեսլականը ձևավորելու նպատակով առաջիկայում քաղաքապետարանը կստեղծի աշխատանքային խումբ, որում կներգրավվեն նաև ՄԱԶԾ մասնագետներ: Ծրագիրը նոր գաղափարներով և մոտեցումներով քաղաքի գլխավոր հատակագծի մշակման և վարման հիմք կդառնա՝ թվային տեխնոլոգիաների ու կառավարման եղանակների կիրառման հիմքով:

Լուսանկարներ

Տեսնել ավելին