Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը հյուրընկալել է ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպանին

05.08.2023
Արտաքին կապեր

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը հանդիպել է ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի հետ: Անդրադառնալով Երևանի և գերմանական քաղաքների միջև գործակցության հաստատմանն ու երկկողմ հարաբերությունների օրակարգին՝ կողմերը կարևորել են հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փորձի փոխանակումը: Խոսելով Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության (E5P) կողմից Երևանում իրականացվող Էներգաարդյունավետության ու ավտոբուսային բարեփոխման ծրագրերից՝ Լևոն Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը, որն այս դրամաշնորհի դոնոր երկրներից է: Քաղաքապետի պաշտոնակատարը նշել է, որ պետություն, համայնք, միջազգային գործընկերներ գործակցությամբ Երևանը փուլ առ փուլ իրականություն է դարձնում տրանսպորտային համակարգի բարեփոխումները:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու գործակցության ընդլայնման պատրաստակամության համար՝ դեսպան Վիկտոր Ռիխտերը նշել է, որ իր լիազորությունների շրջանակում պատրաստակամ է աջակցել և օժանդակել երկուստեք կապերի ամրապնդմանն ու խորացմանը, ինչպես նաև համատեղ նախագծերի իրականացմանը:

Լևոն Հովհաննիսյանն ու Վիկտոր Ռիխտերը մտքեր են փոխանակել նաև հանրակրթության ոլորտում մասնագետների ու աշակերտների փոխանակման ծրագրերի շուրջ:

Լուսանկարներ