Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը հանդիպել է Կլիմայի կանաչ հիմնադրամի ներկայացուցիչների հետ

18.10.2023
Բնապահպանություն

 

Երևանի քաղաքապետարանի գործակցությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ ընդգրկում է քաղաքային տնտեսության տարբեր ուղղություններ: Ծրագրի՝ ընթացիկ ու նախանշվող գործողություններին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի և Կլիմայի կանաչ հիմնադրամի (ԿԿՀ) ու ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ և ԿԿՀ ֆինանսավորմամբ, հետևողական քայլեր են ձեռնարկվում Երևանում Էներգետիկ կառավարման համակարգի ներդրման ու շենքերի էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացման ուղղությամբ:

Անդրադառնալով համատեղ աշխատանքին՝ Գևորգ Սիմոնյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստակամ է շարունակելու և ընդլայնելու գործակցության ծրագրերը, որոնք ոչ միայն հարմարավետ միջավայր են ապահովում մայրաքաղաքում, այլև համայնքն ունենում է զգալի տնտեսումներ:
Դրական գնահատելով ծրագրով արձանագրված ձեռքբերումները՝ ԿԿՀ ծրագրերի կառավարման բաժնի փոխտնօրեն Գարեթ Զահիր-Բիլը ընդգծել է, որ էներգաարդյունավետության բարձրացումն ու ջերմոցային գազերի արտանետումների կրճատումը ծրագրի գլխավոր նպատակներից են: 
«Հայաստան ենք այցելել՝ ծրագրի առաջընթացին ու առկա մարտահրավերներին ծանոթանալու համար, ակնկալում ենք նաև Երևանի իշխանությունների աջակցությունը դրանց հաղթահարման գործընթացում»,- հավելել է նա:

Շնորհակալություն հայտնելով հաջողված գործակցության համար՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Կոնստանտին Սոկուլսկին իր հերթին կարևորել է երկու կառույցների միջև ձևավորված վստահելի գործընկերային հարաբերությունները և ընդգծել, որ ՄԱԶԾ-ն ունի ծրագրերի տարբեր փաթեթներ, որոնք ևս պատրաստ է քննարկել համայնքի հետ:
   
Կողմերը մտքեր են փոխանակել հետագա համագործակցության վերաբերյալ և նախանշել քայլերի հաջորդականությունը:  

Լուսանկարներ

Տեսնել ավելին