Երևանցի մարզիկներից կազմված լավագույն տասնյակը հյուրընկալվել է Երևանի քաղաքապետարանում

23.12.2022
Սպորտ

2022թ. մեդալառատ տարի էր Հայաստանի համար: Հայ մարզիկները նվաճեցին ավելի քան 300 մեդալ, որից 104-ը՝ ոսկե: Երևանի քաղաքապետարանն առաջին անգամ ձևավորել է երևանցի մարզիկների լավագույն տասնյակը: Աշխարհի և Եվրոպայի տարբեր առաջնությունների մեդալակիրներին ու նրանց մարզիչներին քաղաքապետարանում հյուրընկալել են Երևանի փոխքաղաքապետներ Գևորգ Սիմոնյանն ու Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ Արսեն Մակվեցյանը: 
«Մենք նախատեսում ենք նման միջոցառումների բյուջեն տարեցտարի ավելացնել, որով նաև կընդգծենք Երևանի քաղաքապետարանի ցանկությունն էլ ավելի մեծացնելու ներդրումներն ու մոտիվացիան սպորտի ոլորտում: Նաև կապիտալ ծախսերի տեսքով այդ ամենը կդրսևորվի հաջորդ տարում: 2022թ. մեդալառատ տարի էր ոչ միայն Երևանի, այլև Հայաստանի Հանրապետության համար, ինչը մեծ հպարտություն է բոլորիս համար»,- նշել է Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը:   
Մարզական կյանքի աշխուժացմանն ուղղված Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությունները շարունակական են, ծրագրերը՝ համակարգային: Ապագա չեմպիոններ կերտելու համար համայնքն այսօր հարմարավետ պայմաններ է ստեղծում մարզական օջախներում: 
«Սպորտային կյանքին ուշադրությունը շատ ավելի մեծ է լինելու, շատ ավելի մեծ է լինելու մեր ջանքը սպորտդպրոցների նկատմամբ, և շատերդ գիտեք, որ արդեն մեծ ծավալի շինարարություններ են իրականացվում ոչ միայն Երևանում, այլև Հանրապետության ողջ տարածքում: Գրեթե ամբողջովին հիմնանորոգվել է Շենգավիթի մարզադպրոցը, հաջորդ տարի պլանավորում ենք ևս մի քանի սպորտդպրոցներ բերել արդիական տեսքի: ՀՀ ԿԳՄՍ նախարարության գործընկերների հետ քննարկել ենք մոդուլային դպրոցների ներդրումը քաղաքում և Հանրապետության տարածքում: Շնորհակալություն ձեր ջանքի ու նվիրման համար»,- նշել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:     
«Շատ կարևոր էր, որ մենք Երևանում կարողացանք անցկացնել երկու խոշոր մրցում, որը երբեք չէր եղել, անգամ Խորհրդային Հայաստանում այդ կարգի մրցումներ չէր անցկացվել. Բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնություն և դրան հաջորդեց Սամբոյի աշխարհի երիտասարդների և պատանիների առաջնությունը: Որպես արդյունք այդ ամենի լավ անցկացման՝ սամբոյի մրցման ավարտից անմիջապես հետո, եթե մինչև մրցման սկիզբը բանակցում էինք մեծահասակների Եվրոպայի առաջնություն բերելու մասին և իրենք մտածում էին այդ իրավունքը մեզ տան, թե ոչ, առաջնության ավարտից հետո խնդրում էին, որ մեծահասակների աշխարհի առաջնություն անցկացնենք Երևանում, և դա կլինի 2023թ. նոյեմբերին:  Մինչ այդ, ապրիլին Երևանը կընդունի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որը նաև օլիմպիական վարկանիշային է: Սա ևս մեկ քայլ է դեպի վերադարձ աշխարհի սպորտային քարտեզ՝ որպես սպորտային երկիր, որպես երկիր, որ կարող է անցկացնել այդպիսի խոշոր մրցումներ»,-նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: 
Ամենօրա մարզումներ, պատասխանատվություն մրցահարթակում՝ Հայաստանի Հանրապետության դրոշն ու օրհներգը ներկայացնելու համար: 2022թ. ամփոփում են տարվա լավագույններն ու խոստանում նոր հաղթանակներ: 
Աշխարհի ու Եվրոպայի տարբեր առաջնությունների մեդալակիրներն ու նրանց մարզիչներն արժանացան դրամական պարգևների: Նախաձեռնությունն այս լավ ավանդույթի սկիզբ է և կլինի շարունակական: 

 

Տեսանյութ

Երևանցի մարզիկներից կազմված լավագույն տասնյակը հյուրընկալվել է Երևանի քաղաքապետարանում