ՀՀ Վարչապետը Երևանի քաղաքապետի ուղեկցությամբ այցելել է Սուրմալուի տարածք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի, ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանի, Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի ուղեկցությամբ այցելել է Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածք, որտեղ օգոստոսի 14-ին տեղի է ունեցել պայթյուն:
Վարչապետին ներկայացվել են որոնողափրկարարական և հրդեհի մարման աշխատանքների ընթացքը:
Նշենք, որ երեկ ահազանգից անմիջապես հետո դեպքի վայր են մեկնել և աշխատանքներին մասնակցել Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները՝ կոմունալ տնտեսության, բնապահպանության, առողջապահության վարչությունները, արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բաժինը, «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը, «Շտապբուժօգնության» ծառայությունը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ աշխատանքներն ընթացել են ամբողջ գիշեր: Դրանց ներգրավել է քաղաքապետարանի քսան ջրատար, տասներկու բեռնատար, հինգ տրակտոր, երեք վերամբարձ կռունկ և յոթ լրացուցիչ տեխնիկա։
Այս պահին ևս Սուրմալուի տարածքում համապատասխան գերատեսչությունների հետ աշխատանքները շարունակվում են: