Քննարկվել են ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» նախաձեռնության շրջանակում իրականացված աշխատանքների հետ կապված հարցեր

07.07.2021

Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսեսյանը հանդիպել է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի աշխատանքային խմբի հետ: Կողմերը քննարկել են Երևանի Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրով կազմված «Կանաչ» քաղաք գործողությունների ծրագրի ընթացքին առնչվող խնդիրներ:

 

Նախագծի նպատակն է խթանել Երևանի տնտեսական և սոցիալական աճը, մեղմել շրջակա միջավայրի վրա մարդու գործունեության բացասական ազդեցությունը, բարձրացնել քաղաքի բնապահպանական ակտիվների որակը՝ որպես հետևանք երաշխավորելով բնակիչների կյանքի որակի բարելավումը։


Կարևորելով միջազգային կառույցների հետ համագործակցությունը՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսեսյանը նշել է, որ քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է կյանքի կոչելու քաղաքի զարգացմանն ու բնակիչների հարմարավետությանը միտված ցանկացած նախագիծ և ծրագիր:


ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգն իր հերթին նկատել է, որ երկուստեք հաջողված համագործակցությունը լավ հիմք է նոր ծրագրեր կյանքի կոչելու համար:


Ներկայումս իրականացման փուլում են «Եվրոպական Միությունը Երևանի համար. Արևային համայնք» դրամաշնորհային ծրագիրը և Երևանի էներգաարդյունավետության ծրագիրը: Նախագծով ավելի քան 90 բազմաբնակարան շենքի տանիքներին տեղադրվում են արևային ֆոտովոլտային համակարգեր՝ ապահովելով տվյալ շենքի վերելակների, ներշենքային և աստիճանավանդակային հատվածների, ընդհանուր օգտագործման և բակային տարածքների էլեկտրաէներգիայի մատակարարումը, ինչպես նաև նախատեսվում է շքամուտքերում և բակային տարածքներում տեղադրել LED լուսատուներ:

Լուսանկարներ