Մայրաքաղաքում աշնանային էտին մասնակցել է 1520 միավոր տեխնիկա, էտվել է շուրջ 9200 ծառ

05.12.2022
Բնապահպանություն

Մայրաքաղաքում ավարտվել է աշնանային էտը: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ աշխատանքներին ներգրավվել է 1520 միավոր տեխնիկա, էտվել է շուրջ 9200 ծառ: Գործընթացն իրականացվել է պողոտաներում, փողոցներում, այգիներում ու բակային տարածքներում: Հաշվի առնելով անկենսունակ և հիվանդ ծառերի փոխարինման անհրաժեշտությունը՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է մասնագետների մասնակցությամբ կազմակերպել հանրային քննարկում՝ մասնագիտորեն հիմնավորված գործընթաց իրականացնելու նպատակով:
***
Մայրաքաղաքում ձնամաքրման համար «ԵԱՍՄ» համայնքային հիմնարկը նախատեսում է պահեստավորել շուրջ 12 հազար տոննա աղի և ավազի խառնուրդ, 6000 տոննան արդեն պահեստավորված է: Գործընթացը կկազմակերպվի վարչական տարբեր շրջաններում առկա պահեստային 6 կետից: Զեկուցվել է նաև, որ բազմաֆունկցիոնալ բոլոր մեքենաներն արդեն վերամասնագիտացվել են. ընդհանուր առմամբ ձյան մաքրման գործընթացին կմասնակցի 81 միավոր մեքենասարքավորում:
***
Մայրաքաղաքում workout մարզաձևը զարգացնելու նպատակով վարչական շրջաններում կկառուցվեն հատուկ մարզահրապարակներ: Հանձնարարվել է աշխատանքներն իրականացնել ֆեդերացիայի հետ համատեղ:
***
Երևանի ավտոբուսային հավաքակազմը շուտով կհամալրվի նոր շարժակազմով: Քաղաքապետին զեկուցվել է, որ վարորդների հավաքագրումն ընթացքում է: Արդեն իսկ գրանցվել է 275 վարորդ: Յուրաքանչյուր կիրակի վերջինների համար գործնական երթևեկ է կազմակերպվում: Նշվել է նաև, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի աշխատանքային երկարամյա փորձ ունեցող և օրինակելի վարք դրսևորած 10 վարորդ էլ մեկնել են Գերմանիա՝ վերապատրաստման:
***
Երևանի քաղաքապետն անդրադարձել է Ամիրյան փողոցի շենքերից մեկի տանիքին հայտնված ձեղնահարկին: Պատասխանատուները նշել են, որ տարածքը սեփականաշնորհված է, սակայն սեփականատերը շինթույլտվություն չունի: Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է իրավական տեսանկյունից մանրամասնորեն ուսումնասիրել խնդիրն ու, միջանկյալ լուծում գտնելով, ապամոնտաժել անօրինական շինությունը: