Մայրաքաղաքում բացվել է նոր բժշկական կենտրոն

29.12.2015

Նախագահ Սերժ Սարգսյանը մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ներկա է գտնվել «Աստղիկ» բժշկական կենտրոնի բացման արարողությանը: Նոր բուժհաստատության հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և բժշկական կենտրոնի սեփականատիրոջ մորը՝ Աստղիկ Ալեքսանյանին:
Հանրապետության Նախագահը Երևանի քաղաքապետի ուղեկցությամբ շրջել է նորաբաց բժշկական կենտրոնում, ծանոթացել առողջապահական բուժհաստատության նոր մասնաշենքի հնարավորություններին, ինչպես նաև հին մասնաշենքի հիմնանորոգման ու արդիականացման ուղղությամբ կատարված աշխատանքներին, իրականացված ներդրումներին, բուժհաստատության կողմից մատուցվող ծառայություններին:
«Աստղիկ» բժշկական կենտրոնը, որը 1965 թվականից շահագործվող «Մալաթիա» հիվանդանոցի իրավահաջորդն է, պատասխանատուների հավաստմամբ, արդիականացման արդյունքում հագեցվել է ժամանակակից սարքավորումներով: Բուժման, ախտորոշման և նորագույն ծառայությունների ներդրման, բարձրորակ կադրերով համալրման շնորհիվ կենտրոնում բժշկական օգնության և սպասարկման ծավալներն աճել են, ինչին զուգահեռ ավելացել է կենտրոնի աշխատողների թիվը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին