Մայրաքաղաքում կկառուցվի գեղասահքի նոր դպրոց

05.06.2014

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, բարձրաստիճան այլ անձանց, բազմաթիվ երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի հետ միասին ներկա է գտնվել մայրաքաղաքում կառուցվող գեղասահքի նոր դպրոցի հիմնարկեքի արարողությանը: Երևանի Ծովակալ Իսակովի պողոտա 27/8 հասցեում 1 հեկտար հողատարածքի վրա գեղասահքի դպրոցի կառուցման գաղափարը կյանքի կոչելու հարցում իր անմիջական և ակտիվ մասնակցությունն է ունեցել նաև օլիմպիական եռակի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, ռուսաստանցի հասարակական, պետական գործիչ, ՌԴ պետդումայի պատգամավոր Իրինա Ռոդնինան, ով նաև իր պատրաստակամությունն է հայտնել մարզադպրոցը շահագործման հանձնելուց հետո ըստ ամենայնի աջակցել հայկական գեղասահքի զարգացմանը: Մարզադպրոցը կկառուցվի Մոսկվայի «ՄոնԱրխ» ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն, հայազգի գործարար Սերգեյ Համբարձումյանի սեփական միջոցներով և կնվիրաբերվի Երևան քաղաքին: Հանրապետության նախագահին, Երևանի քաղաքապետին ու հիմնարկեքի արարողությանը ներկա հյուրերին նախագծի վրա ներկայացվել են ծրագրի մանրամասները: Դպրոցի շինարարության ընդհանուր արժեքը կկազմի շուրջ 5 մլն ԱՄՆ դոլար: Շինարարությունը նախատեսվում է ավարտել սեղմ ժամկետում՝ 2015թ-ի աշնանը:

Ներկաներին ուղղված ողջույնի խոսքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ նորակառույց մարզադպրոցը կնպաստի հայկական գեղասահքի զարգացմանն ու կդառնա երևանցիների սիրված մարզադպրոցներից մեկը. «Արդեն կարող ենք հաստատ ասել, որ Երևանը շուտով կունենա ժամանակակից բոլոր չափորոշիչներին համապատասխանող գեղասահքի մարզադպրոց, որը կծառայի բոլորին: Հաճելի է արձանագրել, որ այս ծրագրին իր անմիջական մասնակցությունն է բերել նաև օլիմպիական, աշխարհի և Եվրոպայի, բազմակի չեմպիոն, աշխարհահռչակ Իրինա Ռոդնինան: Սա նաև Երևանի քաղաքապետարան - մասնավոր հատված համագործակցության հերթական լավագույն օրինակներից մեկն է, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ անհրաժեշտության դեպքում գործարար մեր հայրենակիցները մեծ պատասխանատվությամբ և պատրաստակամությամբ են իրենց մասնակցությունն ունենում ինչպես համապետական, այնպես էլ համայնքային նշանակության ծրագրերում: Երևանցիների անունից իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ, պարոն նախագահ, նաև ա՛յս հարցում ցուցաբերած Ձեր հետևողականության համար, որի արդյունքում կյանքի է կոչվում ոչ միայն Երևանի, այլ նաև ամբողջ հանրապետության համար անհրաժեշտ ու կարևոր այս ծրագիրը: Առիթից օգտվելով՝ իմ երախտագիտությունն եմ հայտնում նաև տիկին Ռոդնինային՝ հայկական գեղասահքի զարգացմանը նպաստելու իր պատրաստակամության համար: Շնորհակալություն եմ հայտնում նաև գործարար Սերգեյ Համբարձումյանին՝ իսկապես հայրենանվեր գործի համար, որն ուղղված է մատաղ սերնդի առողջության պահպանմանն ու դաստիարակությանը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: 
Երևանի գեղասահքի դպրոցի հիմնարկեքի արարողության շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Իրինա Ռոդնինան և Սերգեյ Համբարձումյանը ստորագրել են գեղասահքի դպրոցի կառուցումն ազդարարող եռակողմ հուշագիր, որի մեկ օրինակը տեղադրվել է կառուցվելիք դպրոցի հիմքում: 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Լուսանկարներ

Տեսնել ավելին