Մեկնարկել են ընդհանուր օգտագործման գույքի վնասված հատվածների վերականգնման աշխատանքները

20.03.2017

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, զեկուցվել է, որ մայրաքաղաքի վարչական շրջաններում սկսվել են փողոցներում, մայթերին, բակային տարածքներում, հրապարակներում, այգիներում, պուրակներում տեղադրված ընդհանուր օգտագործման գույքի` ձմռան ընթացքում վնասված հատվածների վերականգնման աշխատանքները: 

Աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետի փոխանցմամբ՝ «Սանիթեք» ընկերության և վարչական շրջանների կոմունալ ծառայությունների, ինչպես նաև համատիրությունների ներգրավմամբ մայրաքաղաքում շարունակվում են փողոցների և բակերի սանմաքրման աշխատանքները, որոնց ընթացքում կազմակերպվում են տեղային շաբաթօրյակներ: Զեկուցվել է նաև, որ ընթանում են մայրաքաղաքի հեղեղատար համակարգերի մաքրման աշխատանքները: Հանձնարարվել է վերահսկել աշխատանքների պատշաճ կատարումը:

Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է նախորդ շաբաթվա ընթացքում կազմված արձանագրությունների մասին:
Մասնավորապես՝ քաղաքաշինության և հողօգտագործման ոլորտում գրանցվել է ապօրինաշինության և հողազավթման 4 դեպք: Մեկ հասցեում իրականացվել են քանդման աշխատանքներ:
Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ հասարակական տրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողության շնորհիվ կազմվել է 63 վարչական արձանագրություն: Զեկուցվել է նաև, որ շարունակվում է խստացված հսկողությունը մայթերին և կամարանցումներում ավտոմեքենաների կայանման բացառման, ինչպես նաև ավտոկայանատեղերում մեքենաների կայանման համար ապօրինի գումարների գանձման դեպքերը կանխելու ուղղությամբ: Նախորդ շաբաթ այս մասով վարչական պատասխանատվության է ենթարկվել 2 իրավախախտ: Հանձնարարվել է շարունակել խստացված հսկողությունը:
Խորհրդակցության ժամանակ բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 4 վարչական արձանագրություն:

Չնախատեսված վայրերում կենցաղային, ինչպես նաև շինարարական աղբը թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխարգելման աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 3 վարչական արձանագրություն: Հանձնարարվել է բոլոր ուղղություններով շարունակել աշխատանքներն ու հսկողության տակ պահել մասնավորապես հեղեղատարներում կուտակված աղբի հեռացման գործընթացը:
Զեկուցվել է, որ համաձայն քաղաքապետի հանձնարարականի՝ համապատասխան աշխատանքային խումբը շարունակում է հողի և գույքի վարձակալության, ինչպես նաև կառուցապատման միասնական բազաների ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքները:
Աշխատանքային խորհրդակցության ավարտին «Ջրային կառույցներ» ընկերությանը հանձնարարվել է նախքան մայրաքաղաքի շատրվանների, ջրային ավազանների և ցայտաղբյուրների վերագործարկումը կազմակերպել դրանց ընթացիկ նորոգման աշխատանքները:
Աշխատակազմի բնապահպանության վարչությանը և վարչական շրջանների ղեկավարներին էլ տրվել է հանձնարարական՝ զբոսայգիների տարածքում գործունեություն ծավալող մասնավոր տնտեսվարողների մասնակցությամբ կազմակերպել զբոսայգիների ընդհանուր օգտագործման և վարձակալությամբ տրված տարածքների մաքրման աշխատանքները:
Աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչությանը և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է նախապատրաստվել ասֆալտբետոնե ծածկի նորգման և ճաքալցման աշխատանքների մեկնարկին:
Քաղաքի գլխավոր դիզայներին, աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությանը, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է մասնավոր տնտեսվարողների մասնակցությամբ գույքագրել և իրականացնել մայրաքաղաքում տեղակայված հայտարարությունների, ինչպես նաև նշված տնտեսվարողներին պատկանող գովազդային վահանակները կարգի բերելու և ներկելու աշխատանքները:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին