Մեկնարկեց «Ոսկե ծիրան 2025» կինոփառատոնը

14.07.2025

Հուլիսի 13-ին մեկնարկեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հանդիսավոր բացումը: Ուղիղ մեկ շաբաթ մինչև հուլիսի 20-ը երևանյան հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու ավելի քան 100 ֆիլմ, այդ թվում այնպիսիք, որոնք արժանացել են Կաննի միջազգային կինոփառատոնի մրցանակների: Կինոփառատոնի շրջանակում Հայաստան են ժամանել աշխարհահռչակ կինոաստղեր: Պատվավոր հյուրերի շարքում են կինոյի միջազգային մեծություններ՝ Ամիր Նադերին, Աբդերահման Սիսակոն, Աթինա Ցանգարին, Ֆեդոն Պապամայքլը, Մարկո Մյուլերը, Ադա Սոլոմոնն ու բազմաթիվ այլ հյուրեր աշխարհի ավելի քան 30 երկրներից։

Արդեն 4 տարի է, ինչ Երևանի քաղաքապետարանը հանդիսանում է «Ոսկե ծիրան»-ի գլխավոր աջակիցը:

«Երևանը բաց քաղաք է։ Այն միշտ սպասում է իր մարդկանց՝ բոլոր նրանց, ովքեր կապ ունեն այս քաղաքի հետ՝ հիշողությամբ և արմատներով։ Երևանի քաղաքապետարանը կարևորում է ոչ միայն փառատոնի իրականացումը մեր քաղաքում, այլև դրա ազդեցությունը մշակույթի ոլորտում։ Այս տարի մեր աջակցությամբ կազմակերպվել են մասնագիտական ծրագրեր, աշխատարաններ ու վարպետության դասեր՝ միջազգային փորձ ունեցող մասնագետների մասնակցությամբ։ Դրանք իրական հնարավորություն են երիտասարդ կինոգործիչների, դերասանների և ռեժիսորների համար՝ հասկանալու ոլորտի ժամանակակից չափանիշները, շփվելու առաջատարների հետ և զարգացնելու իրենց ստեղծագործական ճանապարհը։ Այս համատեքստում ուզում եմ նաև ընդգծել՝ որքան հետևողական ենք մշակույթի հանդեպ՝ որպես քաղաքային կյանքի կարևոր բաղադրիչ։ Սա նպատակային մշակութային քաղաքականություն է, որով Երևանը ձևավորվում է որպես ժամանակակից, բաց և ստեղծագործական քաղաք՝ կենդանի մշակույթով։ Մաղթում եմ, որ այս օրերը լինեն ոչ միայն մշակութային տոն, այլև՝ մտքերի և ստեղծագործ մոտեցումների փոխանակում»,- ելույթի իր խոսքում նշել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Տեսանյութ

Մեկնարկեց «Ոսկե ծիրան 2025» կինոփառատոնը