Մի շարք հաստատությունների բացման արարողություններ մայրաքաղաքում
Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել մայրաքաղաքում նորակառույց կառավարական վարչական համալիրի բացմանը՝ Վազգեն Սարգսյան 3 հասցեում, որի շինարարության մեկնարկից՝ 2013թ. ապրիլից ի վեր, Հանրապետության Նախագահը պարբերաբար այցելել և հետևել է աշխատանքների ընթացքին: Համալիրը ներառում է գլխավոր վարչական մասնաշենքը, որտեղ տեղակայված են ՀՀ արտաքին գործերի, այդ թվում՝ Դիվանագիտական ակադեմիայի, կրթության և գիտության, մշակույթի, սփյուռքի նախարարությունների տարածքները, ինչպես նաև արդարադատության նախարարության առանձնացված մասնաշենքը: Համալիրի մեջ է մտնում նաև տեխնիկական մասնաշենքը, որտեղ տեղադրված են էլեկտրամատակարարման և ջրամատակարարման համար նախատեսված ենթակառուցվածքները:
Հանրապետության Նախագահը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ և ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի, Երևանի քաղաքապետի, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի, արտաքին գործերի, քաղաքաշինության, կրթության և գիտության, սփյուռքի, մշակույթի, արդարադատության նախարարների ուղեկցությամբ շրջայց է կատարել նորակառույց վարչական համալիրում, ծանոթացել վերոնշյալ պետական հաստատությունների համար ստեղծված աշխատանքային պայմաններին, համալիրի կառուցապատված և բարեկարգված տարածքին:
Կառավարական վարչական համալիրի ճարտարապետական լուծումները մշակվել են քաղաքաշինական և ազգային ճարտարապետական մոտեցումներին համահունչ՝ համալիրին հաղորդելով մոնումենտալ կերպար: Նախագծի հեղինակն է վաստակավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: Կառավարական վարչական նոր համալիրը, որի ընդհանուր մակերեսը կազմում է 33460 քմ, կառուցվել է արդարադատության նախարարության նախկին այրված շենքի և շուրջ 25 տարի չգործող, վերականգնման ոչ ենթակա կենտրոնական շրջանային կաթսայատան հողատարածքի վրա: Համալիրի վարչական երկու մասնաշենքերը միմյանց կապված են ստորգետնյա ավտոկայանատեղով: Տրանսպորտային միջոցների և հետիոտնի շարժը առավելագույնս հարմար կազմակերպելու նպատակով գլխավոր հատակագծով նախատեսվել և կառուցել է երկու նոր փողոց: Մշակվել և բարձրորակ էներգախնայող լուսատուներով իրականացվել է նաև համալիրի արտաքին գեղարվեստական լուսավորությունը, որի միջոցով գիշերային և երեկոյան ժամերին առավել ցայտուն ընդգծվում է շենքի արտաքին պլաստիկան՝ ընդգծված հանդիսավորությամբ համահունչ դառնալով Երևանի քաղաքապետարանից մինչև Հանրապետության հրապարակ ձգվող վարչահասարակական շենքերի համալիրներին:
Հանրապետության Նախագահը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ միասին հաջորդ այցելությունը կատարել է «Երևան մոլ» բազմաֆունկցիոնալ համալիր, որտեղ նրանց ներկայությամբ բացվել է ժամանակակից հնարավորություններով կինոթատրոն: «Կինոպարկ» կինոթատրոնի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետին ու «Երևան մոլ» բազմաֆունկցիոնալ համալիրի գլխավոր տնօրեն Վազրիկ Սեկոյանին:
Սերժ Սարգսյանը Տարոն Մարգարյանի հետ միասին շրջայց է կատարել «Կինոպարկ» կինոթատրոնում, ծանոթացել սրահների հնարավորություններին: «Կինոպարկ»-ի շինարարական աշխատանքներն սկսվել են 2015թ. փետրվարին և ավարտվել 2015թ. նոյեմբերին: Կինոթատրոնում գործում է 5 սրահ, որոնցից 2-ը նախատեսված են 109, 2-ը՝ 119, իսկ պրեմիում սրահը՝ 30 հանդիսատեսի համար (նստատեղերի ընդհանուր թիվը՝ 486)։ «Կինոպարկ»-ի բոլոր սրահներում ֆիլմերը ցուցադրվելու են 3D ձևաչափով: Ներդրվել է նաև տոմսերի առցանց ձեռքբերման համակարգ։ Նորակառույց կենտրոնն ունի շուրջ 30 աշխատակից՝ 200 000 դրամ միջին աշխատավարձով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն