Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում. կլոր սեղան-քննարկում «Համագործակցություն տուրիզմի ոլորտում» թեմայով

04.05.2017

Երևանը և Սանկտ Պետերբուրգն ակտիվորեն համագործակցում են նաև զբոսաշրջության ոլորտում: «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցում տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում «Համագործակցություն տուրիզմի ոլորտում» թեմայով: Հանդիպմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը, Սանկտ Պետերբուրգի տուրիզմի զարգացման կոմիտեի նախագահի տեղակալ Նանա Գվիչիյան, Սանկտ Պետերբուրգի քաղաքային զբոսաշրջային տեղեկատվական բյուրոյի և տարբեր տուրիստական ընկերությունների ներկայացուցիչներ:

Հանդիպման ժամանակ քննարկվել են Երևանի և Սանկտ Պետերբուրգի զբոսաշրջային ներուժի ընդլայնման, սոցիալական գովազդների փոխանակման, համատեղ ծրագրերի մշակման հնարավորությունները:
Ներկայացնելով զբոսաշրջության զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները՝ Գևորգ Օրբելյանը նշել է, որ գործընկեր քաղաքների համագործակցության շրջանակում առաջիկայում սպասվում են նոր նախագծեր:
«Սանկտ Պետերբուրգի հետ համագործակցության շրջանակում Երևանն առանձնահատուկ կարևորում է զբոսաշրջության ոլորտը: Այս ուղղությամբ փոխգործակցությունը համարում ենք արդյունավետ և համոզված ենք, որ այն ավելի խորացնելու լավ նախադրյալներ կան», - ասել է Գևորգ Օրբելյանը:
Սանկտ Պետերբուրգից ժամանած պատվիրակությունը նշել է, որ իրենք դիտարկում են Երևանը որպես նախընտրելի ուղղություն զբոսաշրջության համար: Նրանք կարևորել են համագործակցությունը և ներկայացրել դրա զարգացման իրենց տեսլականը:
Հանդիպման մասնակիցները կլոր սեղան-քննարկումը գնահատել են արդյունավետ և շատ կարևոր հետագա համագործակցության զարգացման համար:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ