Սոցիալական աջակցության ծրագիր՝ էրեբունիում

16.11.2022

Տիկին Անահիտը, ում խնամքին է երեք անչափահաս թոռնիկ, բնակվում է էրեբունիում՝ վարձակալած տանը: Կարուձևը նրա եկամտի միակ աղբյուրն է:

«Կարի մեքենան արդեն իմ տարիքին է՝ 60 տարեկան: Ժամանակին տուն-տեղ ունեինք, բայց հարսիս կյանքը փրկելու համար ամբողջը վաճառեցինք, ցավոք, կորցրեցինք և նրան, և ամեն ինչ ... »,-պատմում է տիկին Անահիտը:
Երևանի ամենամեծ վարչական շրջանում նաև խնդիրներն են շատ: Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի նախաձեռնած սոցիալական աջակցության ծրագրում ներառվել է 21 ընտանիք: Ցուցաբերվող օգնությունն ըստ կարիքի է: Կարի նոր մեքենան տիկին Անահիտինն է:
«Էրեբունի վարչական շրջանում սոցիալապես անապահով մոտ 3800 ընտանիք կա: Մեր և քաղաքապետարանի ամենակարևոր խնդիրներից է՝ լինել այդ անձանց կողքին: Այս տարի 21 ընտանիքի օգնեցինք: Դա լինելու է շարունակական: Անկախ այս ծրագրերից՝ ունենք նաև մեր առանձին ծրագրերը, որ կարողանանք թեթևացնել նրանց հոգսը, այդ թվում՝ զբաղվածության: Մարդիկ պետք է կարողանան բարելավել իրենց սոցիալական վիճակը»,-ասում է Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը:
«Մեր համակարգի գործունեության հիմքում ծրագրերն են, հասցեական աջակցությունը: Ուզում ենք այդ գործելաոճն ավելի կատարելագործել, ճկուն դարձնել, որպեսզի արագ արձագանքման հնարավորություն ունենանք, իսկ մարդիկ լինեն ինքնաբավ, կարողանան ինքնուրույնաբար լուծել իրենց խնդիրները»,-ընդգծում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետ Լուսինե Հովհաննիսյանը:
Բազմազավակ ընտանիքներ, հաշմանդամություն ունեցող անձինք, մարտական գործողությունների մասնակիցների ու զոհվածների ընտանիքներ. ծրագիրն ընդգրկում է սոցիալական տարբեր խմբեր:
Երևանում սոցիալական պաշտպանության նոր համակարգի ներդրումը վարչական շրջաններին ավելի մեծ հնարավորություններ է ընձեռել համատեղ գաղափարների իրագործման և սոցիալապես խոցելի ընտանիքների կողքին լինելու տեսակետից:
«Վարչական շրջանների ծրագրերը մեր տարեկան զարգացման ծրագրերն են: Մեթոդաբանությունը մշակվեց այնպես, որ դրանք ընդհանրական լինեն: Վարչական շրջանները տարաբնույթ ծրագրեր իրականացնելու մեծ հնարավորություն ունեն»,-հավելում է Լուսինե Հովհաննիսյանը:
Սոցիալական աջակցության ծրագրերը պետք է չլինեն մեկանգամյա և կարճաժամկետ. համայնքը ուղիներ է մշակում, որպեսզի տրամադրվող աջակցության շնորհիվ քաղաքացիները կարողանան հետագայում արդեն ինքնուրույնաբար լուծել առաջ եկող խնդիրները:

Տեսանյութ

Սոցիալական աջակցության ծրագիր՝ էրեբունիում