«Սպարտակ» բալետով Երևանն ամփոփեց խաչատրյանական օրերը

09.06.2023
Մշակույթ

Երեք օր Երևանն ապրեց ու շնչեց Խաչատրյանական արվեստով: Մեծն կոմպոզիտորի 120-ամյակի առթիվ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած բալետային երեկոները եզրափակվեցին «Սպարտակ»-ի բեմադրությամբ:
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, ամփոփելով եռօրյա միջոցառումները, շնորհակալություն  հայտնեց հանդիսատեսին և բոլոր մասնակիցներին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել և իրենց ժամանակն ու տաղանդն են ներդրել նախագծի կյանքի կոչման համար: 
Երևան քաղաքի մշակույթի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպելու համար Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով են պարգևատրվել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնակատար, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանն ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը: 
Միջոցառման մասնակից դարձած քաղաքացիները շնորհակալություն են հայտնել քաղաքի առօրյան մշակութային դարձնելու համար և հույս հայտնել, որ կարևոր այս նախագիծը կդառնա ավանդական: